Թիմաթին ու Ֆիլիպ Կիրկորովը «Վերջին գարուն» երգի համատեղ տեսահոլովակն են ներկայացրել

09:33   25 ապրիլի, 2017

Ո՞վ կարող էր նման բան ենթադրել, բայց նախկին թշնամիներ Ֆիլիպ Կիրկորովն ու Թիմաթին հաշտվել են եւ միասին ձայնագրել «Վերջին գարուն»  երգը, ինչպես նաեւ Youtube-ի TimatiOfficial ալիքում ներկայացրել տեսահոլովակը:

«Վատ խաղաղությունը բարի կռվից լավ է. Ցիցերոնի ժամանակներից այս իմաստությունը չի կորցնում արդիականությունը: Հատկապես, երբ մոտենում ես այնպիսի սահմանագծի, ինչպիսին 50-ամյա հոբելյանն է: Ժամանակն է հետ նայել, ներել անցյալի վիրավորանքը եւ առաջ շարժվել: Լավ է, որ երեկվա թշնամին ոչ միայն ընկեր, այլ ստեղծագործական գործընկեր է դառնում»,- իրենց ստեղծագործական միությունը մեկնաբանել է Կիրկորովը:

«Եթե յոթ տարի առաջ ինչ-որ մեկն ինձ ասեր, որ ես Ֆիլիպ Կիրկորովի հետ երգ կձայնագրեմ, կհռհռայի: Այսօր ես ներկայացնում եմ համատեղ՝ «Վերջին գարուն» երգն ու տեսահոլովակը, ու չեմ թաքցնի. ես չգիտեմ ոչ մի այլ արտիստի, ով ավելի լավ կերգեր կրկներգը: Ամեն ինչ այստեղ պարզ է. երկու կայացած, հասուն մարդիկ, ակնհայտ ոչ պարզ փոխհարաբերությունների պատմությամբ,  ստեղծագործական մասը համարեցին այսօր ավելի կարեւոր, քան ժամկետանց վիրավորանքներն ու պահանջները: Երեկ մայրս ասաց. «Ինչպես պարզվեց, դա երկար ճանապարհ է՝ պատանեկան մաքսիմալիզմից մինչեւ իմաստուն քայլեր, որոնք ստեղծագործ բնույթ ունեն»: Չեմ կարող չհամաձայնվել: Մեր երաժշտական-արտիստական միջավայրում, որտեղ բոլորը գործանականում միմյանց ատում են, բավական դժվար է նախադեպ ստեղծել: Այնպես որ, այսօր հենց այդ օրն է»,- իր հերթին գրել է Թիմաթին իր Instagram-ում: 



© NEWS.am STYLE