Երեւանյան ազդ. ուր գնալ այս շաբաթ

14:03   25 ապրիլի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է ձեզ իրազեկել մայրաքաղաքի հետաքրքիր իրադարձությունների մասին: Ձեր ուշադրությունն ուզում ենք հրավիրել, որ այսօր ժամը 18.30-ին Ազգային պատկերասրահում շատ հետաքրիքր ցուցադրություն է բացվում՝ «Լվովի հայկական եկեղեցու վերածնունդը» խորագրով, որը նվիրված է Լեհաստանում հայ համայնքի ձեւավորման 650-ամյակին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Կրակովի մշակույթի կենտրոնի կողմից, եւ մենք անկեղծորեն խորհուրդ ենք տալիս այցելել: Այն կշարունակվի մինչեւ մայիսի 27-ը:
Ինչպես նաեւ հիշեցնում ենք, որ ապրիլի 27-ից Երեւանի կինոթատրոններում կսկսվի Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը, որի փակ դիտումը երեկ էր:

Ֆիլմի ռեժիսորը Թերի Ջորջն է, որը հայտնի է նաեւ «Հոթել Ռուանդա» ֆիլմից: Ֆիլմը հովանավորել է Քըրք Քրքորյանը, իսկ սաունդթրեքի հեղինակը Սերժ Թանկյանն է: Գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլը, Օսկար Այցաքը եւ Շառլոտա Լը Բոնը:

Ձեր ուշադրություն ենք հրավիրում նաեւ Cafesjian կենտրոնում կայանալիք երկու համերգներին: Ապրիլի 26-ին Դասական երաժշտության օրերի շրջանակում տեղի կունենա Լորանս Մխիթարյանի (Բելգիա) համերգը, իսկ ապրիլի 28-ին ջազի սիրահարներին կուրախացնեն Չիկոն եւ Աննա Կոստանյանը՝ Chico's New Trio and Ann KOSTANYAN համերգով:

Ապրիլի 26-ին 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Մկրտիչ Արզումանյանն ու Հովհաննես Ազոյանը կներկայացնեն «պլյուս-մինուս» շոուն:

Ակումբներում իրադարձություններից առանձնացնենք հետեւյալները.

Երկու օր՝ ապրիլի 28-ին եւ 29-ին, Տերյան փողոցի վրա գտնվող B4room-ում ելույթ կունենա վիզուալ էֆեկտների եւ միախառնված սաունդի վարպետ Փիթր Կիրնը: Արտիստը հայտնի է էմբիենտ ոճի իր էքսպերիմենտներով, տեխնոյով եւ, ընդհանրապես, ունի երաժշտության սինթեզի յուրօրինակ ոճ, որը խորհուրդ ենք տալիս էլեկտրո ոճի սիրահարներին:



© NEWS.am STYLE