«Ես պատրաստ չէի հայտնիությանը, այն ինձ հանկարծակի հարվածեց». Ալ Պաչինոն դարձավ 77 տարեկան

16:48   25 ապրիլի, 2017

Այսօր՝ ապրիլի 25-ին, հոլիվուդյան աստղ Ալ Պաչինոն նշում է ծննդյան 77-ամյակը: Թեեւ, եթե դերասանն իր մասին լսեր «աստղ» բնորոշումը, կասեր՝ «Ես դերասան եմ, ոչ թե աստղ: Աստղերն այն մարդիկ են, որոնք ապրում են Հոլիվուդում եւ ունեն սրտաձեւ լողավազաններ»,-ինչպես նշել էր հարցազրուցներից մեկում:

Ինչեւէ, հայտնի դերասանն արդեն 50 տարուց ավելի՝ նկարահանվում է ֆիլմերում եւ խաղում թատրոնում: Պաչինոյի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Սպիով դեմքը», «Կնոջ բույրը», «Կնքահայրը», «Ավելի վատ, քան սուտը», «Սիմոնա» եւ այլն:

Իր գործունեության ընթացքում Ալ Պաչինոն մի շարք մրցանակների է արժանացել՝ «Օսկար», «Էմմի», «Ոսկե Գլոբուս», «British Academy Film Award»… այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս այսքանից հետո նրան չանվանենք «աստղ»:)

Ձեր ուշադրությանն են ներկայացնում սիրված դերասանի հետաքրքիր մեջբերուներից եւս մի քանիսը.

«Հայտնի լինելու ամենամեծ դժվարությունն այն է, որ մարդիկ միշտ բարեհամբույր են քո հանդեպ: Դու մի բան ես ասում, եւ բոլորը համաձայնվում են քեզ հետ, անգամ եթե ասածդ բացարձակ խենթություն է: Իսկ իրականում մենք այնպիսի մարդկանց կարիք ունենք, ովքեր կասեն այն, ինչ չենք ցանկանում լսել»:

«Ես շատ ամաչկոտ եմ, դրա համար էլ ամենուրեք ակնոց եմ կրում»:

«Աչքին խաբելը հեշտ է, բայց սրտին՝ ոչ»:

«Դերասանն, ասես, էմոցիոնալ մարզիկ լինի: Գործընթացն իսկապես ցավոտ է. անձնականդ միշտ տուժում է»:

«Ես պատրաստ չէի հայտնիությանը, այն ինձ հանկարծակի հարվածեց, եւ այլեւս փախչելու տեղ չունեի»:

«Իմ կյանքում շատ են եղել անիքնավստահությունն ու անցանկալի իրադարձությունները»:

«Երիտասարդ տարիքում ես շատ լուրջ դերասան էի, բայց հետո հասկացա, որ որքան թեթեւ ես նայում դերին, այնքան ավելի հեշտ է այն քեզ տրվում»:

«Թատրոնն ինձ համար ապրելաոճ է»:

«Ինձ երբեք դուր չեն եկել ճանաչվածությունը, հարցազրույցներն ու հանրայնացումը: Ես միշտ ցանկացել եմ փախչել դրանցից»:

«Իմ միակ խնդիրն այն է, որ իմ զրուցակիցը պետք է 50 տարով մեծ լինի ինձանից, որպեսզի հասկանա, թե ինչ եմ ցանկանում ասել»:



© NEWS.am STYLE