Հայկական բանակի ու զինվորների առօրյան՝ 27-ամյա Նարեկի կրեատիվ լուսանկարներում

20:31   26 ապրիլի, 2017

27-ամյա գրաֆիկ դիզայներ Նարեկ Մաթեւոսյանը գրեթե 10 հազար հետեւորդ ունի Instagram-ում, բայց պատճառը ոչ թե նրա դիզայներական աշխատանքներն են, ինչպես կարող է թվալ, այլ բանակային կյանքը միանգամայն այլ գույներով ներկայացնելը: Իսկ եթե սրան գումարենք նաեւ Նարեկի՝ բնածին կարմրահեր լինելը, ապա Instagram-ում հետաքրքրությունը նրա հանդեպ կրկնապատկվում է:

Նարեկը 2015-2017 թվականներին ծառայել է Արցախի զորամասերից մեկում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում իր բանակային կրեատիվ լուսանկարներն այսպես մեկնաբանեց նա:

Խոհանոցն` առավոտյան, եւ տաք թեյը...

«25 տարեկանում եմ գնացել բանակ, եւ տարիքային տարբերությունը շատ էր: Սկզբի համար անսովոր էր, չէի պատկերացնում իմ ու մյուս տղաների շփումը, դրա համար, չնայած՝ հեռախոսն արգելված էր, դա եղավ իմ՝ այդ պահի միակ հետաքրքրությունը:

Առավոտյան քայլք՝ դեպի խոհանոց

Խնդիր էի դրել ինքս իմ առջեւ հայկական բանակն այլ կողմից ցույց տալու, փորձելու գտնել դրականը ու ներկայացնել դա: Ուրախ, դրական էջ պատրաստեցի: Միայն դրական բաներ էի հրապարակում, ծանոթացնում տղերքի հետ, իսկ եթե վատն էլ կար, ապա դա էլ էի դրական կողմից ներկայացնում»:

«Ո՞րն եք ցանկանում... Այս ամբողջը պատկանում է մեկ մարդու, եւ մենք բանակում ենք ))»

Նարեկը նշում է, որ իր նկարները նայելով շատերը՝ աղջիկ, թե տղա, խոստովանել են, որ ցանկություն ունեն ծառայել բանակում:

Կյանքը...

«Սկսեցի ավելի ակտիվ ու հետաքրքիր գրառումներ անել: Աշխարհին ցույց էի տալիս հայ զինվորի առօրյան»,-ասում է նա՝ հավելելով, որ զորացրվել է 2 ամիս առաջ, բայց օր չկա, որ չհիշի ու չկարոտի բանակային կյանքն ու ընկերներին:

«Լոգանքի ժամն է»

«Ժամանակ առ ժամանակ նույնիսկ ուզում եմ վերադառնալ բանակ»,-ժպտալով ասում է երիտասարդը:

Զինվորական լոգարանում

Նարեկի հետ խոսեցինք նաեւ իր եւս մեկ յուրահատկության՝ մազերի գույնի մասին:

«Փոքր տարիքում շատ հարցեր ու կռիվներ եմ ունեցել հենց մազերիս գույնի պատճառով: Կային բարդույթներ: Ուզում էի բոլորի նման սեւ մազեր ունենալ, սակայն հետո հասկացա, որ դա իրականում առավելություն է: Լինել ուրիշ, բոլորից տարբերվել. դրանից հաճելի բան չկա»:

«Բարի հիշողություն՝ ապրիլյան քառօրյա պատերազմից: Իրական ընկերներն ու իրական ընկերությունը ի հայտ են գալիս հենց այդ իրավիճակում, երբ դու ստիպված ես քնել բաց երկնքի ու կրակահերթերի տակ»:

«Հին հայկական ծես՝ ոտնլվա )))) 400-500 երիտասարդ ամեն օր՝ օրվա ամենաշոգ ժամին, կատարում է այս էպիկ  գործողությունը»:



© NEWS.am STYLE