«Ես եւ կինս հաճախ ենք փորձում խենթություններ անել». Չենինգ Տատումն այսօր դարձավ 37 տարեկան

14:25   26 ապրիլի, 2017

Հոլիվուդի ամենահմայիչ աստղերից մեկը՝ Չենինգ Տատումն, այսօր՝ ապրիլի 26-ին, նշում է ծննդյան 37-ամյակը:

Առաջին անգամ ֆիլմասերները Չենինգի տաղանդը գնահատելու առիթ ունեցան 2005 թ-ին, երբ դերասանը նկարահանվեց «Մարզիչ Քարտերը» ֆիլմում: Սակայն Տատումին առավել մեծ ճանաչում բերեց «Քայլ առաջ» ֆիլմը:

Չենինգին նաեւ ճանաչում են «Սիրելի Ջոն», «Երդումը», «Նա տղա է», «Առեղծվածային Մայքը» եւ «Դիլեմա» ֆիլմերի շնորհիվ:

Մեդիայում հաճախ քննարկվում է նաեւ դերասանի անձնական կյանքը: Տատումն ու նրա կինը՝ Ջեննա Դյուանը, Հոլիվուդի ամենաերջանիկ զույգերից են համարվում: Դերասանները հանդիպել են «Քայլ առաջ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 2009 թ-ին զույգն ամուսնացել է: Նրանց դուստրը ծնվել է 2013 թ-ին:

Ի դեպ, բացի տաղանդավոր դերասան լինելուց՝ Չենինգն աչքի է ընկնում հումորի զգացումով եւ ուտելիքի հանդեպ մեծ սիրով:)

Նրա ամենահետաքրքիր մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Հոգուս խորքում ես գեր երեխա եմ, որը շատ է սիրում ուտել: Կարծում եմ՝ ես պետք է շախմատի մասին մի ֆիլմում նկրահանվեմ, որտեղ ստիպված կլինեմ միշտ նստած լինել, իսկ իմ առջեւ մի ահռելի պիցցա դրված կլինի, որը շատ դանդաղ կուտեմ»:

«Ես հավատում եմ սիրուն, ես հավատում եմ լավ հիշողություններին, այդ պատճառով էլ մեծ ուշադրություն եմ դարձնում հանգստյան օրերին: Ես եւ կինս հաճախ ենք փորձում խենթություններ անել: Դրանք բոլորը հետո գեղեցիկ հուշեր են դառնում»:

«Կյանքն այնքան կարճ է, որպեսզի բաց թողնենք գեղեցիկ բաները, օրինակ՝ կրկնակի չիսբուրգերը»:

«Երիտասարդ տարիքում ես կակազում էի, չէի կարողանում նորմալ արտաբերել անգամ ամենակարճ բառերը: Հետո դա վերածվեց մրթմրթոցի»:

«Ընկերներս հաճախ են ծաղրում ինձ: Ինչեր ասես, որ չեն պատրաստել իմ դեմքով՝ տիկնիկներ, անիմացիոն հոլովակներ.. այդ ամենն իսկապես զվարճալի է»:

«Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք կյանքի ընթացքում չեն փորձում արժեքավոր հուշեր կուտակել»:

«Իրական կյանքում ես կոշտ ու կոպիտ կռվարար չեմ: Ես դերասան եմ»:

«Չգիտեմ՝ որքանով եմ բարդ եւ խորհրդավոր: Իսկապես կցանկանայի ավելի խորը լինել, բայց ես ուղղակի սիրում եմ զվարճանալ»:

«Դեռ ոչ-ոք ինձ իրավաբանի դեր, օրինակ, չի առաջարկել: Երեւի դեռ շատ բաներ ունեմ անելու»:

«Իմ մեջ այնքան շատ էներգիա կա: Փորձում եմ շատ աշխատել ու շարժվել, որպեսզի այդ էներգիան մի փոքր մարեմ»:

«Ես շնորհակալ եմ բոլոր տարօրինակ մարդկանց: Նրանք ամենաստեղծագործներն են»:



© NEWS.am STYLE