«Ամեն ինչ անելու եմ Հայաստանը «Եվրատեսիլ»-ում շատ լավ ներկայացնելու համար». Արծվիկ

15:21   27 ապրիլի, 2017

Ապրիլի 30-ին «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնելու է Կիեւ, որտեղ մայիսի 1-ին կկայանա մեր ներկայացուցիչ Արծվիկի առաջին փորձը` «Եվրատեսիլ»-ի բեմում:

Այսօր` ապրիլի 27-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Եվրատեսիլ»-ի հայաստնյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, մեր պատվիրակ Արծվիկն ու Fly With Me երգի հեղինակ Լիլիթ Նավասարդյանը խոսեցին իրենց սպասելիքներից եւ Հայաստանի ելույթի մանրամասներից:

«Շատ մեծ ոգեւորությամբ ենք պատրաստվում մեկնել Կիեւ, որտեղ մայիսի 9-ին կկայանա «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որտեղ Արծվիկը ելույթ է ունենալու 16-րդ համարի ներքո: Կարծում եմ` սա շատ լավ թիվ է: Միշտ էլ լավ է լինել վերջում, որպեսզի ավելի լավ հիշվես: Կարծում ենք` մեր շանսերը կարելի է դրական գնահատել, եւ մենք շատ ոգեւորված ենք այդ առումով»,-նշեց Գոհարը:

Արծվիկն էլ հավելեց` իր համար «Եվրատեսիլ»-ին մասնակցելը միշտ էլ երազանք է եղել.

«Կարծում եմ` շատ արտիստների դեպքում է դա երազանք: Ես նույնիսկ նմաատիպ երազ էի տեսել` նման բեմի վրա էի կանգնած: Դրա համար վստահ եմ` երազանքները կատարվում են. տեսեք ինձ եւ համոզվեք: Մի նստեք տեղում եւ մինչեւ վերջ գնացեք ձեր երազանքի հետեւից»,-ասում է Հայաստանի պատվիրակը` նշելով, որ մինչ օրս չի հավատում, որ հենց ինքն է ներկայացնելու Հայաստանը մրցույթում.

«Դա ինձ համար մեծ պատասխանատվություն է: Մենք մեր թիմով ամեն ինչ անելու ենք` Հայաստանը շատ լավ ներկայացնելու համար»:

Խոսելով Fly With Me երգի ստեղծման մասին` Լիլիթ Նավասարդյանը նշեց.

«Մեզ համար շատ կարեւոր էր ներկայացնել արտիստին լավ եւ շահեկան կողմից, որպեսզի նա տարբերվի եւ հիշվի: Ինքս ինձանից այսպիսի երգ չէի սպասում, բայց ինձ ոգեշնչեց Արծվիկի ձայնը:

Ոգեշնչվել եմ նաեւ հայկական Յարխուշտայի էլեմենտներից. դա դարձավ երգի ստեղծման սկզբնաղբյուր: Շատ կարեւոր են նաեւ բառերը, որոնք հեղինակեցին Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանը»:

Երգի բառերին ադրադարձավ նաեւ Արծվիկը.

«Բառերը համապատասխանում են իմ անվանը` Արծվիկ եւ թռիչք: Գիտեմ, որ շատերն ինձ տարբեր ոճերում էին պատկերացնում. ինձ համար էլ էր դա հետաքրքիր»,-նշեց երգչուհին` խոսելով նաեւ իր եվրատեսիլյան բեմադրության մանրամասներից.

«Ինչպես գիտեք` բեմում ինձ միանալու են 2 պարող եւ 3 բեք վոկալիստ: Հիմա չեմ ուզում բացահայտել շատ գաղտնիքներ, միայն կասեմ, որ ամեն ինչ անում ենք լավ ներկայանալու համար»,-նշեց նա` հավելելով նաեւ, որ մրցույթի շրջանակներում կրելու է դիզայներ Ֆաինա Հարությունյանի հեղինակած զգեստները:

Արծվիկը խոսեց նաեւ իր անվան շուրջ ստեղծված սկանդալի մասին, ըստ որի երգչուհուն իբր արգելել են մեկնել Կիեւ.

«Ես Ղրիմում չեմ եղել, այնպես որ` նման խնդիր չկա: Ռուսաստանի ներկայացուցչի համար շատ եմ ափսոսում, քանի որ ինչպես բոլորս` նա եւս ուներ այդ երազանքը, որը հուսով եմ` կկարողանա իրականացնել մյուս տարի»:

Վերջում Արծվիկը բոլորին նվիրեց եվրատեսիլյան Fly With Me երգից փոքրիկ հատված, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:



© NEWS.am STYLE