Սքարլեթ Յոհանսոնը գտել է իր 72-ամյա նմանակին ու բար հրավիրել

14:45   28 ապրիլի, 2017

Սթարլեթ Յոհանսոնը սոցիալական ցանցում իր 72-ամյա նմանակին է գտել: Անցյալ շաբաթ Reddit սոցցանցի օգտատերերից մեկը (Ալեքսիս Օհանյանը գիտի, ինչ է ստեղծում) իր էջում տատիկի երիտասարդ տարիների լուսանկարն է հրապարակել, որը ջրի երկու կաթիլի պես նման է Սքարլեթ Յոհանսոնին:

32-ամյա դերասանուհին տեսել է արագորեն համացանցում տարածված լուսանկարը եւ, ըստ People-ի, հիմա արդեն 72-ամյա Ջերալդինին բար հրավիրել: Դերասանուհին նույնիսկ տեսահրավեր է ձայնագրել:

Հոլովակում Սքարլեթն ասել է, որ ապշած է իրենց արտաքին նմանությունից:
«Ջերալդին, չեք էլ պատկերացնի, թե որքան նամակ ու հաղորդագրություն եմ ստացել Ձեր մասին, այդ պատճառով պետք է տեսնեի լուսանկարը: Այ քեզ բան... Որքան հասկացա, այնքան էլ սթափ չեք եղել լուսանկարվելիս: Ուզում եմ դեմքի նույնպիսի արտահայտությամբ կիսվել Ձեզ հետ: Եկեք խմենք, Ջերալդին: Կտեսնվենք բարում»,- տեսագրությունում ասել է Յոհանսոնը՝ միաժամանակ Ջերալդինին հրավիրելով իր «Շատ վատ աղջիկներ» (Rough Night) ֆիլմի պրեմիերային:


Սքարլեթի տեսագրությունից հետո Ջերալդինի թոռնիկը մեկնաբանություններում գրել է, որ տատիկը «ցնցված էր» դերասանուհու հրավերի առիթով:



© NEWS.am STYLE