Հայ դիզայներներն ամռան համար առաջարկում են հիփի ոճ

17:02   28 ապրիլի, 2017

Գիտե՞ք, որ առաջին գործած գուլպաները հայտնաբերվել են  եգիպտական դամբարաններում՝ հազարավոր տարիներ առաջ: Չգիտեի՞ք  ճիշտ է,  այդ մասին ձեզ բոլորովին էլ պարտադիր չէ իմանալ: Բավական է իմանաք, օրինակ այն, որ գործած հագուստն արդեն մի քանի սեզոն է  նորաձեւ է համարվում, իսկ գործած իրերը՝ «օվերսայզ» թիկնոցները, հելյունագործ զգեստներն ու մետրանոց շարֆերը Փարիզի, Միլանի, Նյու Յորքի լավագույն սթրիթ սթայլ լուքերի հավաքածուների անբաժան մասն են կազմում: Եթե կարող եք երկու խոսք կապել,  բայց ընդհանրապես չեք կարող երկու թել  իրար կապել և ձեզ համար ոչ միայն սվիտեր, այլ նույնիսկ շարֆ ի վիճակի չեք գործել, հոգ չէ դա ձեզ համար արել են երիտասարդ հայ դիզայներները: Անհավակա՞ն է թվում: 

Միանգամայն հետաքրքիր գաղափար 5 Concept-ից, որն ուրախացրել է ոչ միայն նոր մոդելներով, այլ բավական համարձակ քայլ է իրականացրել: Խանութը միանգամից մի քանի դիզայների է ներգրավել մեկ հավաքածուի ստեղծման համար: Առաջին հայացքից ռիսկային է, եթե հաշվի առնենք, որ թիմային աշխատանքը մերը չէ, թեեւ ամբողջ աշխարհում դիզայներները նման փորձ կիրառում են. օրինակ՝ մեր փեսա Քանյե Ուեսթն ու Adidas-ը. մեկի գաղափարը իրականություն է դառնում մյուսի տեխնիկայի եւ մարքեթինգի շնորհիվ: LООМ Weaving-ը կյանքի է կոչել RUZANE-ի գաղափարները եւ դրա անդյունքում ստեղծվել է մի շատ հմայիչ հավաքածու: 

Հիփիների դարաշրջանի նախշերը, հավանաբար, ձեր մայրիկների ու տատիկների մոտ ժպիտ կառաջացնեն. «Ես երիտասարդ ժամանակ այդպիսին ունեցել եմ, այն ժամանակ բոլորն էին հագնում ու շատ նորաձեւ էր, բայց իմն ամենալավն էր, ինձ բոլորը նախանձում էին», իսկ ահա սկեսուրը, նայելով վառ նախշերին, մեծամտորեն կավելացնի. «Այո՛, 30 տարի առաջ բոլորը հագնում էին, ինձ այն ժամանակ էլ դուր չէր գալիս, խոհանոցային բռնիչ էր հիշեցնում...»: Իսկ պատճառն այն է, որ նրա քաջությունը չէր բավարարում այն ժամանակ հիփի ոճի բաճկոն կրել: Ինչ եմ ձեզ ուզում ասել. գնեք գործած ինչ-որ բան, այն ձեզ հիմա ոճային լուք եւ հետագայում հաճելի հիշողություններ կապահովի: Ու պետք չէ մտածել, որ ամառային զգեստապահարանը սահմանափակում է գործած իրերի օգտագործումը: Հակառակը, այդպիսի կարդիգաններն ու սվիտերները շատ ոճային են հենց ամռան զով երեկոների համար՝ շորտերի, թեթեւ կիսաշրջազգեստի հետ: 

Համարձակ եղեք, կրեք: Կստացվի՝ կնախանձեն ոճային լինելու համար, չի ստացվի՝ կնախանձեն, որ տաք եք հագնված:

Ուրիշ ի՞նչ նոր բաներ կան: Երիտասարդ հայ դիզայներների տանդեմը միակ ուրախությունը չէ, կա եւս մեկ փաստ. սկզբում կոնցեպտը միավորում էր ընդամենը 5 դիզայների, այսօր նրանց թիվն անցնում է 40-ից, հայտնի և ոչ այդքան, զուսպ և խենթ սակայն միավորված ստեղծագործելու ցանկությամբ: Հայ դիզայներներն ազատ և վստահ աշխատում են տարբեր ուղղություններով՝ դասականից մինչեւ ամենահամարձակ լուծումներ՝ թափանցիկ, թեթեւ կտորներից մինչև ցանցեր ,դենիմից մինչ  պուտավոր  եւ վանդականախշ կտորներ: Իսկ դա նշանակում է, որ մենք ավելի շատ ընտրություն եւ հնարավորություն ունենք  գտնելու մեր անկրկնելի կոնցեպտը:

 

Գայա Ա.



© NEWS.am STYLE