«Ես շատ գայթակղությունների եմ ասել «ոչ»». Պենելոպե Քրուզը նշում է 43-ամյակը

16:46   28 ապրիլի, 2017

Հոլիվուդի ամենայուրահատուկ արտաքինով դերասանուհիներից մեկը` իսպանուհի Պենելոպե Քրուզն, այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Քրուզը դարձավ 43 տարեկան:

Պենելոպեն նկարահանվել սկսել է 1991 թ-ից. դերասանուհու դեբյուտային դերը եղավ «Խոզապուխտ» տրագիկոմեդիայում, որտեղ նրա խաղընկերը նրա այժմյան ամուսին Խավիեր Բարդեմն էր:

Ֆիլմը քննադատների կողմից արժանացավ դրական արձագանքների, իսկ Պենելոպե Քրուզն իր խաղով տպավորեց շատ ռեժիսորների: Երիտասարդ դերասանուհուն հրավիրեցին նկարահանվել այնպիսի հայտնի ժապավեններում, ինչպիսիք են` «Բացիր աչքերդ», «Քո երազանքների աղջիկը», «Կոկաին», «Վանիլային երկինք» եւ այլն:

Բացի դերասանուհի լինելուց` Քրուզը հաճախ ներկայանում է որպես մոդել: Նա համագործակցում է մի շարք հայտնի բրենդների հետ, որոնցից են Ralf Lauren-ն ու L’Oreal-ը: Պենելոպեն նաեւ պատրաստակամությամբ է մասնակցում  բարեգործական տարբեր միջոցառումների:

Ինչ վերաբերում է դերասանուհու անձնական կյանքին` 2010 թ-ից նա ամուսնացած է դերասան Խավիեր Բարդեմի հետ: Զույգը ունի որդի եւ դուստր, որոնց անվանել են Լեոնարդո եւ Լունա:

Օսկարակիր դերասանուհու հետաքրքիր մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Ամենակարեւոր դասը, որը քաղել եմ շոու-բիզնեսից, «ոչ» ասելն է: Ես շատ գայթակղությունների եմ ասել «ոչ», ինչի համար շատ ուրախ եմ»:

«Ես ուժեեղ եմ եւ ըմբոստ: Այս հատկանիշների պատճառով հաճախ էի խնդիրների մեջ հայտնվում փոքր տարիքում, քանի որ, երբ մի բանի հետ չէի համաձայնվում, պարտադիր ասում էի: Այդպես կյանքն ավելի հետաքրքիր է»:

«Հուսով եմ` իմ ամբողջ կյանքի ընթացքում կնկարահանվեմ ֆիլմերում: Եվրոպայում դա ավելի հեշտ կլիներ, իսկ Միացյալ Նահանգներում տարեց դերասանուհիները հեշտ չեն ստանում դերեր»:

«Մի բան կա, որի համար շատ հպարտ եմ. ես կարողանում եմ ինքս ինձ վրա ծիծաղել»:

«Կյանքդ չես կարող ապրել` ինքդ քեզ ուրիշի աչքերով նայելով»:

«Երբ դեռահաս էի, շատ սնահավատ էի: Ստիպված էի պայքարել այդ զգացողության դեմ, քանի որ դրա պատճառով անընդհատ տագնապի մեջ էի լինում»:

«Ես ուզում եմ, որ ինձ հիշեն որպես մի կնոջ, որը հարգել է իր արտիստ եւ մարդ տեսակը»:

«Տանել չեմ կարողանում, երբ լրագրողները երիտասարդ դերասանուհիներին հարցնում են` արդյոք նրանք չե՞ն վախենում ծերանալուց»:

«Իմ նպատակը երջանիկ լինելն է»:

«Ինձ դուր են գալիս այն դերերը, որոնց շնորհիվ մարդիկ ինձ չեն ճանաչում»:

«Չեմ կարող ասել, թե վստահում եմ ամուսնությանը: Ես հավատում եմ «ընտանիք, սեր եւ երեխաներ» հասկացությանը»:



© NEWS.am STYLE