Նիհարողի օրագիր. իրական պատմություն այն մասին, թե ինչպես Էլենին 40 կգ նիհարեց

18:58   2 ապրիլի, 2013

Ողջո՛ւյն: Այսօր ցանկանում եմ պատմել ոչ թե իմ, այլ մի աղջկա մասին, ում հաջողվել է 40 կգ նիհարել: Նրա անունը Էլենի Կարապետյան է, եւ նրա օրինակն ինձ համար խթան հանդիսացավ: Նշանակում է՝ նիհարել եւ ազատվել ավելորդ կիլոգրամներից, ամեն դեպքում, հնարավոր է: Ես խնդրեցի պատմել իր եւ իր անցած ճանապարհի մասին:

«Ավելորդ քաշն այսօր շատերին է անհանգստացնում: Այն շատ ու շատ անհարմարություններ է ստեղծում՝ սկսած նրանից, որ չես կարողանում կրել ուզածդ հագուստը, ներառյալ առողջության հետ կապված խնդիրներ, բարդույթներ, հոգեպես ընկճվածություն եւ այլն:

Շատերին թվում է, թե գեր մարդկանց զբաղմունքը միայն ուտելն է. դա ճիշտ է այն առումով, որ գեր մարդիկ իրենց սփոփանքը փորձում են ուտելիքի մեջ գտնել:

Պատճառն այն է, որ նրանք ամաչում են իրենց արտաքինից, ճնշված են լինում, անձնական կյանքը չի դասավորվում այնպես, ինչպես իրենք կցանկանային, եւ սկսում են խնդիրների լուծումը փնտրել ուտելիքի մեջ: Սակայն կարող եմ վստահ ասել, որ չկա գոնե մեկ գեր մարդ, ով չի փորձել վերջ դնել այդ ամենին, ազատվել ավելորդ քաշից, դիմել դիետաների, սովահարության, իսկ վատագույն դեպքում՝ դեղահաբերի:

Բայց այդ ամենը փակուղի է, որից հետո մարդկանց սկսում է թվալ, թե նիհարելու համար հրաշքներ են պետք: Մի կարծեք, թե գեր մարդիկ չունեն բնավորություն, կամքի ուժ կամ ալարկոտ են, մի կարծեք, թե նրանք ասելիք չունեն: Յուրաքանչյուր գեր մարդու երազանքը նիհարելն է, սակայն նրանք չգիտեն՝ ինչպե՞ս այդ անել:

Ինքս միշտ եղել եմ գեր ու երբ հասկացա, որ 120 կգ-ով ապրելն ուղղակի անհնար է դառնում, փորձեցի շատ դիետաներ, օրերով սոված մնացի, ինչը, իհարկե, չէր օգնում: Նիհարելու ցանկությունս այնքան մեծ էր, այնքան երազանքներ ունեի, որ ամեն օր նիհարելու նոր միջոցներ էի փնտրում: Այսօր ազատվել եմ 40 կգ ավելորդ քաշից՝ առանց սովահարության, առանց դեղահաբերի, դիետաների եւ առանց վնասելու առողջությունս:

Հիմա արդեն ծանոթ եմ նիհարելու ճիշտ կանոններին եւ կարող եմ վստահեցնել, որ նիհարելը շատ դյուրին է: Երբեք պետք չէ հուսահատվել, հանձնվել, թերագնատահել ձեր ուժերը եւ խնդիրները լուծել ուտելիքի միջոցով:

Դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք: Հավատացեք , արժե զինվել համբերությամբ, քանի որ այն հոգեկան հաղթանակը, որ ունենալու եք, աննկարագրելի է: Մի փոխարինեք ձեր երազանքներն ուտելիքով, նիհարել հնարավոր է: Ես պատրաստ եմ բոլորին օգնել՝ անցնել այդ ճանապարհը, չէ՞ որ դուք էլ շատ ասելիք եւ անելիք ունեք»,- պատմեց Էլենին:

Գիտեմ, որ նա մեծ ուրախությամբ կօգնի բոլորին, ինչպես ամեն օր օգնում է ինձ՝ ուժ հաղորդելով եւ սփոփելով: Էլենին յուրացրել է սնվելու բոլոր կանոնները, եւ կարող եմ վստահաբար ասել, որ նա չի զիջում ոչ մի դիետոլոգի: Կարծում եմ՝ նա ուրախությամբ կհամաձայնի պատասխանել ձեր բոլոր հարցերին:

Անի



© NEWS.am STYLE