Հայկական Euphoria մետալ խմբի աղջիկները՝ կարիերայի եւ տղաների կողքին ստեղծագործելու դժվարությունների մասին

14:10   30 ապրիլի, 2017

Հարցազրույցի ժամը շփոթել էի ու տեղ հասել բավականին ուշ: Վազում էի հանդիպման աղջիկների ալտերնատիվ՝ Euphoria մետալ խմբի հետ, ու մտովի պատրաստվում գլուխս կախ լսել իմ հասցեին ուղղված դժգոհությունները… Ինձ ժպտացին ու համոզեցին, որ ոչինչ, բոլորի հետ էլ պատահում է: Ահա, ևս մի հերքում այն տարածված, բայց անմիտ ու անհիմն կարծիքին, որ ռոքերները ջղային են ու ագրեսիվ: Ո՞վ էր երևակայում, որ նրանք կոնֆլիկտային են…

Սկսե՞նք խմբի պատմությունից:

Բելլա (lead vocal) - Խումբը ստեղծվեց  2014թ. գարնանը: Միտքը իմն էր, ընկերուհուս հետ որոշեցինք խումբ ստեղծել: Անդամներն էլ իրար հեռվից հեռու էին ճանաչում: Հետագայում որոշ պատճառներով նախնական կազմից մնացին չորս մասնակիցներն ու ավելացավ նոր դաշնակահարը` Մարգոն, որն արդեն մեկ ամիս է՝ ինչ մեզ հետ է:

Սկզբունքայի՞ն է, որ խմբում լինեն միայն աղջիկներ:

Բելլա- Սկզբունքային չի, ուղղակի Հայաստանում քիչ է շեշտը դրված աղջիկների վրա: Ընդհանրապես, աղջիկների հայտնի խմբերը շատ քիչ են: Պատահում է, որ մասնակիցներից մեկը գնա, նրա փոխարեն տղա գա, ու վերջ, այլևս  աղջիկների խումբ չի: Մենք պահում ենք ավանդույթը` աղջիկ է գնում, աղջիկ է գալիս: Մենք ուզում ենք ցույց տալ, որ կինը նույն իրավունքն ունի բեմում նվագելու, երգելու. կապ չունի, թե ինչ երաժշտություն: Երաժշտությունը չի բաժանվում տղամարդկանց և կանանց, մենակ տղաները չէ, որ կարող են մետալ նվագել ու ուրախանալ բեմի վրա, մենք էլ կարող ենք:

Ուզում եք ասել, որ բեմում աղջիկները ոչնչով չե՞ն զիջում տղաներին:

Լառա (lead guitar) - Չեն զիջում, տարբերվում են: Մենք մեր ձեռագիրն ունենք, հակառակ սեռն էլ իրենցը, ու դա մեզ չի խանգարում իրենց կողքին ելույթ ունենալ բեմի վրա:

Բելլա - Հայաստանում շատ դժվար է տղաների խմբերի կողքին ելույթ ունենալ: Չնայած մետալը ժամանակակից է, այն լսում են, բայց, միևնույն է, աղջիկներին դժվար է այստեղ ստեղծագործել այս ժանրում ու դա փոխանցել մարդկանց:

Իսկ ինչու՞ հենց մետալ:

Լառա- Մերն ալտերնատիվ մետալ է, մենք ավելի լիրիկ մետալ ենք նվագում: Մեզ դա ուղղակի հաճելի է, ուզում ենք դրա մեջ զարգանալ:

Բելլա - Իմ երազանքն էր մետալ խումբ ունենալը, դեռ մանկուց: Սկզբում ավելի թեթև էինք նվագում, ժամանակի հետ տեխնիկան բացվեց: Սա բոլորիս առաջին պրոյեկտն է, ոչ ոք ոչ մի տեղ չէր նվագել: Միասին սկսեցինք զարգանալ ու հասանք այն կետին, որն ավելի ծանր է: Մենք չենք խորանում ծանր լինելու փաստի վրա, ուզում ենք, որ ուղղակի հաճելի լինի, մեր ձեռագիրը զգացվի, մենք հաճույք ստանանք երգելուց ու նվագելուց:

Երգերի թեմա՞ ն:

Լառա - Ժաննա Դ'Արկին վերցրել ենք խմբի խորհրդանիշ:

Բելլա - Ինքն է իր արարքներով մեզ ուժ տալիս, որ գնանք առաջ:

Լառա- Մեր բոլոր երգերի թեմատիկան ֆեմինիզմն է, մեր երգերի մեջ կա կին արմատը: Երգերի վրա էլ բոլորս ենք  աշխատում:

Բելլա –Բայց խմբում մենք շատ տարբեր ենք: Օրինակ՝ ես շատ ծանր մետալ եմ սիրում, մարդ էլ կա ռոքնռոլ, ջազ, բլյուզ, կամ էլեկտրո, մեր թմբկահարը`Սոնան, իր էլեկտրո պրոյեկտ ունի:

Լառա- Երգերի հիմնական թեմա տվողը մեր բաս կիթառիստն է ու երգ գրելուց ինքը չի ոգեշնչվում որևէ ռոք խմբով, այլ Բեթհովեն ու Բախ է լսում:

Չէի  պատկերացնում, որ այսքան տարբեր ճաշակներ ունեք:

Լառա- Տարբեր լինելն է, որ նոր բան է մտցնում, յուրաքանչյուրս մի նոր բան է բերում: Եթե բոլորս նույն ասպարեզում լինեինք ու տարբեր բաներով չհետաքրքրվեինք, դժվար թե նորություն լիներ:

Խումբը ձեզ համար հո՞բբի է, աշխատա՞նք:

Լառա - Գումար վաստակել Հայաստանում ռոք խմբով անհնար է: Հիմա հակառակն է` մենք ենք գումար ծախսում: Մենք գումարի մասին այդքան էլ չենք մտածում, ոչ էլ անուն ձեռք բերելու, մենք ուղղակի ուզում ենք դա անել: Ձմեռվա ցրտին գնում ենք մեր փորձատեղը, ուր ջուրն է սառում, և փորձ ենք անում: Ինչի՞  ենք անում: Որովհետև ուզում ենք:

Խմբի ամենավառ հիշողությունը:

Բացականչում են միասին- JAM! Fest-ը (Թբիլիսյան միջազգային երաժշտական փառատոն Tbilisi JAM! Fest 2016 )

Լառա - Մենք հայտ ներկայացրինք ու անցնանք: Շատ զարմացանք. Հայաստանից շատ խնբեր չէին անցել, իսկ մենք ընդամենը երկու տարեկան խումբ էինք: Եթե մյուս խմբերը ֆինանսավորող ունեին, մենեջեր և այլն, մենք ոչ մի բան չունեինք: Մենք միայն մեզ ունեինք, մենք մերոնցով վեր կացանք ու գնացինք: Կազմակերպիչների ասելով` շատ տպավորված են:

Բելլա - Համերգից հետո այնտեղ բոլորը մեզ ճանաչում են, մասնակից խմբերն էլ մեզ շատ լավ են վերաբերվում: Ռոք խմբերը նացիոնալիստ չեն:

Աղջիկները պատմեցին, թե ինչքան լավ իրենց ընդունեցին Վրաստանում, և ինչքան շատ էին թերագնահատում ու կասկածում իրենց ուժերի նՀայաստանում:

Լառա - Բայց մենք գնացինք ու բոլորին ապացուցեցինք, որ կարող ենք գնալ ու լավ անել մեր գործը:

Իսկ ինչու՞  Euphoria:

Լառա- Խմբի անունը տվել է մեր բասիստը: Սոնետը միշտ երազել է ունենալ խումբ, որի անունը կլինի Euphoria: Ինքը բացատրեց, թե ինչի է Euphoria ուզում. որպեսզի մենք կարողանանք մեր երաժշտությամբ հասցնել մարդկանց այդ էյֆորիայի վիճակին:

Բելլա – Մարդիկ կարող են էյֆորիայի մեջ լինել խմիչքից, թմրանյութփրից և այլն, իսկ մենք ուզում ենք, որ իրենք էյֆորիայի մեջ երաժշտությունից լինեն:

Մայիսին կլրանա խմբի երեք տարին

Լառա – Հուսանք, այս երրորդ տարում կհասնենք շատ ավելի բաների, քան նախորդ տարիներին:

Լառան ու Բելլան սպասվող անակնկալների մասին էլ պատմեցին, բայց խոստացել եմ ժամանակից շուտ ոչինչ չբացահայտել, կարող եմ միայն ի սրտե հաջողություն մաղթել  Euphoria-ին:

 

 

Լուսինե  Իսրայելյան

 



© NEWS.am STYLE