«Եվրատեսիլ 2017»-ի՝ հայաստանյան ժյուրիի կազմը հայտնի է

18:53   30 ապրիլի, 2017

Հայտնի է «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի՝ հայաստանյան ժյուրիի կազմը: Ինչպես հաղորդում է OGAE Armenia կայքը,  այս տարի այն բաղկացած է հայտնի երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանից, ջազ երգչուհի, վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանից, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար, հայտնի երաժշտական պրոդյուսեր Էդուարդ Թոփչյանից, բազմաթիվ երաժշտական և գովազդային հոլովակների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանից և ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված երգչուհի Զարուհի Բաբայանից: 

Նշենք, որ սկսած 2009թ-ից, պրոֆեսիոնալ ժյուրին հավասար ազդեցություն ունի մրցույթի արդյունքների վրա: 

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Կիեւում կմեկնարկի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը: Հայաստանն այս տարի ներկայացնելու է Արծվիկը՝ Fly with me երգով:  Wiwibloggs կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը կայանալու է մայիսի 1-ին: Արծվիկի երկրորդ փորձը մայիսի 5-ին է: Արծվիկը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում՝ մայիսի 9-ին:
Երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 11-ին է, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին:

Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:

 



© NEWS.am STYLE