21:08 1 մայիսի, 2017NEWS.am STYLE-ը որոշել է անդրադառնալ համացանցում առաջացած իրարանցմանը՝ կապված ադրբեջանական խնձորների հետ, որոնք մեծ քանակությամբ հայտնաբերվել են Երեւանի միրգ-բանջարեղենի փոքր խանութներում, ինչպես նաեւ՝ սուպերմարկետներում: Իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության առաջին պետ, անասնաբուժասանիտարական անվտանգության հարցերով միջազգային խորհրդատու, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անասնաբուժական ծառայությունների գործունեության գնահատման եւ Անասնաբուժական համաշխարհային ասոցիացիայի զոոնոզային հիվանդությունների դեմ պայքարի փորձագետ Գրիգոր Գրիգորյանին:
Պարոն Գրիգորյան, արդեն մեկ շաբաթից ավելի է՝ համացանցն իրար է խառնել ադրբեջանական խնձորների թեման: Միրգ-բանջարեղեն վաճառողներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, թե Հայաստանում առաջին տարին չէ, որ ամբողջ ձմեռ ադրբեջանական խնձոր (նաեւ նուռ) են ուտում՝ որպես տեղական, լեհական, վրացական կամ ռուսական: Ձեր կարծիքով՝ այս իրավիճակը որքանո՞վ է վտանգավոր, կամ, գուցե, փուչ աղմո՞ւկ է բարձրացվել:
Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների բնույթը՝ կարծում եմ, որ հայկական շուկաներում ադրբեջանական արտադրանքի հայտնվելը չի կարող որպես աղմուկ դիտարկվել:
Արցախյան հակամարտության սկզբից ի վեր՝ Ադրբեջանը չի խորշել եւ հիմա էլ չի խորշում Հայաստանի վրա ներգործելու ամենաստոր մեթոդներից, ուստի մեր քաղաքացիների տագնապը ես միանգամայն հիմնավորված եմ համարում: Մեր զինվորականների տրամադրության տակ տեղեկություններ կան Ադրբեջանի կենդանի եւ մեքենայական մարտական ուժի մասին, սակայն, որքան ինձ հայտնի է, նրանք բավարար քանակի տեղեկություններ չունեն այն մշակումների մասին, որոնք հակառակորդն իրականացնում է զանգվածային խոցման կենսաբանական եւ քիմիական զենքի ոլորտում:
Հայտնի է, որ նման զենքը կարող է կիրառվել նաեւ այնպիսի ազդեցություն ունեցող սննդամթերքների միջոցով, որը տատանվում է բնակչության որոշակի խմբերի վրա քաղցկեղածին եւ ստերջացնող ազդեցությունից՝ մինչեւ ճակատագրական ելքով զանգվածային վարակում եւ թունավորում:
Կոմիտասի փողոցում գտնվող միրգ-բանջարեղենի առեւտրի փոքր խանութների մի քանի վաճառողների հետ զրուցելուց հետո կարող ենք եզրակացնել հետեւյալը: Ադրբեջանական մրգերը Սադախլոյից Հայաստան ներկրելն ավելի էժան է, քան սեփականն արտադրելն ու վաճառելը: Այսինքն՝ վաճառողի համար տնտեսապես ավելի ձեռնտու է մի երկրից ապրանք ներկրել, որի հետ պատերազմական վիճակում ենք, քան սեփական գյուղատնտեսության վերականգնումը: Ո՞րն է իրավիճակին Ձեր գնահատականը:
Տվյալ իրավիճակին իմ գնահատականը բխում է իմ այն համոզվածությունից, որ մարդու կյանքն ավելի շատ կենսաբանություն եւ քիմիա է, քան մաթեմատիկա, հետեւաբար՝ մեր բնակչության կյանքի կամ առողջության հաշվին ստացվող ցանկացած տնտեսական շահույթ, նույնիսկ եթե սպառնալիքը հիպոթետիկ է, ես անընդունելի եմ համարում՝ անկախ դրան հավանություն տվող եզրակացություններից: Ես դեռ չեմ խոսում ագրոահաբեկչության մասին, որը կարող է ոչնչացնել մեր՝ առանց այն էլ հազիվ շնչող գյուղատնտեսության ամբողջ ճյուղեր:
Իրավիճակը վտանգավոր է եւ անկախատեսելի, այս պատճառով Հայաստանի քաղաքացիները, որոնք այս կամ այն կերպ մասնակից են ադրբեջանական արտադրության սննդամթերքը Հայաստան ներկրելուն եւ տարածելուն, պետք է իրենց ախորժակը չափավորեն եւ հասկանան, որ եթե օդանավը կործանվում է, ապա այլեւս նշանակություն չունի, թե նրանք ինչ դասով են թռչում: Դեռ չեմ խոսում նրանց գործողությունների հոգեւոր եւ բարոյական բաղկացուցչի եւ ցավի մասին, որը նրանք պատճառում են Արցախյան պատերազմում իրենց հարազատներին եւ մերձավորներին կորցրած ընտանիքներին:
Համացանցում բարձրացված աղմուկից հետո միայն շատերը տեղեկացան եւ զարմացան, որ, պարզվում է, գոյություն ունի Թուրքիայից եւ Ադրբեջանից ապրանքի ներկրումը չարգելող օրենք: Այս օրենքի մասին ինչո՞ւ են այդքան քիչ խոսում, երբ այն մեզ համար, որպես պետություն, իրականում կենսական կարեւոր նշանակություն ունի:
Անկեղծ ասած, ինձ զարմացնում է, որ մեր երկրի քաղաքացիներն այս խնդրին տեղեկանում եւ աղմուկ են բարձրացնում միայն թուրք գյուղացիների խոստովանություններից հետո: Այս մասին շատ եւ հրապարակային խոսվել է դեռեւս 2007 թվականից:
2008-2009 թվականներին, երբ այդ տարիների գյուղնախարարությանն առնընթեր Պարենային անվտանգության եվրոպական ծրագրում սննդամթերքի անվտանգության ազգային փորձագետ էի աշխատում, մեր թիմին հաջողվեց այդ ժամանակվա գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին համոզել արգելք սահմանել մեզ համար ոչ բարեկամական երկրներից, մասնավորապես՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից, սննդամթերքի ներմուծման վրա՝ նկատի ունենալով այն վտանգավորությունը, որը դրանք կարող էին ներկայացնել:
Դա կատարվեց նախարարի՝ 2009 թվականի սեպտեմբերի 15-ի N 220-А հրամանով, որի համաձայն՝ ժամանակավորապես արգելվում էր «Հայաստանի տարածք թուրքական եւ ադրբեջանական ծագման կենդանական ու բուսական հումքի եւ մթերքների ներմուծումը»: Գերասիմ Ալավերդյանին փոխարինած Սերգո Կարապետյանը այս հրամանը չեղյալ համարեց իր՝ 2013 թվականի հունիսի 7-ի N 103-А տխրահռչակ հրամանով, որն օրինականացնում էր Հայաստան ադրբեջանական արտադրության սննդամթերքի ներմուծումը:
Համապատասխան մարմիններն, իբր, որոնում են մեղավորներին, բայց, կարծես, դժվարանում են մատակարարող ընկերությունների անունները հայտնել: Թվում է՝ ոչ մի դժվար բան չկա իմանալու, թե նրանցից ովքեր են, եւ անունները հայտնելու: Խցիկից դուրս վաճառողներից շատերը նշում են մեծածախ առեւտրականներին, ումից գնում են, եւ ասում, թե նրանք, իրենց հերթին, ում համար են աշխատում: Այսինքն, մեղմ ասած, մեր նկատմամբ անքան էլ բարեկամաբար չտրամադրված երկրից մթերքի ներկրումը հստակ կազմակերպված բիզնես է: Ի՞նչ եք կարծում՝ այս իրավիճակը կլուծվի օրենքի փոփոխմա՞մբ, թե՞ կաղմկեն ու կհանդարտվեն:
Չեմ կարող կանխատեսել, թե տվյալ իրավիճակն ինչպես կլուծվի, սակայն կարող եմ ասել, որ առկա են այն ամենի նշանները, որ գործ ունենք կա՛մ համապատասխան լիազոր մարմինների ոչ լավատեղյակության հետ, կա՛մ նրանց բացահայտ «շանտղության», ինչպես վերջերս հանցավոր անգործությունը բնութագրեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Այս խնդիրը նախապատմություն ունի՝ տագնապի առաջին կոչնակը մենք հնչեցրինք 2011-ի վերջին-2012-ի սկզբին, երբ ադրբեջանական արտադրության տասնյակ կիլոգրամ սխտորն ու կոնֆետեղենը «անհայտ ճանապարհով» հանկարծ հայտնվեցին մայրաքաղաքի եւ մարզերի խանութների վաճառասեղաններին: Այդ ժամանակ մեր համապատասխան լիազոր մարմիներն ամեն ինչ վերագրեցին Վրաստանից Հայաստան ժամանողների ուղեբեռի թերի ստուգմանը եւ գործը կոծկեցին: Այս պատմության կրկնումից խուսափելու համար 2015 եւ 2016 թվականներին ես մի քանի անգամ հրապարակայնորեն բարձրացրել եմ նախարարի՝ 2013 թվականի հունիսի 7-ի N 103-А հրամանը չեղյալ համարելու անհրաժեշտության հարցը՝ նկատի ունենալով ազգային անվտանգության համար դրա վտանգավորությունը, սակայն մեր հանրությունը եւ լիազոր մարմինները այս կոչին ականջալուր չեղան, իսկ մասնագետները եւ հասարակական կազմակերպությունները, որոնք հիմա իրազեկ մարմիններին մեղադրում են հնարավոր բոլոր մահացու մեղքերի մեջ, չարձագանքեցին: Արդյունքում՝ այսօր գործ ունենք հարյուրավոր, իսկ գուցե եւ հազարավոր կիլոգրամ ադրբեջանական արտադրանքի հետ, եւ ես նույնիսկ մեծ ցանկություն ունենալու դեպքում չեմ կարող հավատալ, որ դրանք կարող էին հատել մեր պետական սահմանը մակսանենգ ճանապարհով: Ինչ վերաբերում է ներմուծողների անունների հայտնաբերման դժվարությանը, ապա չեմ կարծում, որ դա մեր համապատասխան մարմիների համար դժվարություն է ներկայացնում:
Նման ներմուծման ի զորու են մեր երկրում միայն մի քանի մարդիկ, եւ մեկ ձեռքի մատների կեսը բավարար է նրանց բացահայտելու համար:
Մենք շատ ճարպիկ մեծածախ առեւտրականներ ունենք, որոնք ինչ-որ բան պատահելու դեպքում ուղղակի կփոխեն պիտակը կամ Վրաստանի տարածքում որեւէ տեղ մատակարար միջնորդ ընկերության անվանումը, եւ կշարունակեն ներմուծել ադրբեջանական ապրանքը: Այսպես կրկին ավելի հեշտ է, քան լիովին կործանված հայկական գյուղի վերականգնումը: Հարցը ճակատագրական է՝ ի՞նչ է կատարվում մեր ժողովրդի հետ, եւ Դուք իրավիճակից ինչպիսի՞ ելք եք տեսնում:
Իմ կարծիքով՝ այն, ինչ մեր ժողովրդի հետ կատարվում է, ավելի շատ հոգեւոր-բարոյական հարթությանն է վերաբերում, քան տնտեսական կամ որեւէ այլ, ուստի ես ձեռնպահ կմնամ այս կապակցությամբ մեկնաբանություններ կատարելուց: Ինչ վերաբերում է այս իրավիճակից ելքին, ապա, իմ կարծիքով, համալիր միջոցառումներ են անհրաժեշտ՝ ներառյալ կարճաժամկետ եւ միջնաժամկետ միջոցառումներ՝ ներմուծմանը փոխարինող տեղական արտադրանքի աճի խթանմամբ, դրա գնի զսպմամբ եւ երկրում ու երկիր մտնելիս սանիտարական եւ ֆիտոսանտարական վերահսկողության ուժեղացմամբ:
Առաջին բանը, որ այսօր անհրաժեշտ է անել՝ գյուղնախարարի՝ 2013 թվականի հունիսի 7-ի N 103-А հրամանի չեղարկումն է եւ 2009 թվականի սեպտեմբերի 15-ի N 220-А հրամանի վերականգնումը:
Երկրորդ՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետք է նվազեցնի բնակչության համար իր սեմինարների քանակը, դադարեցնի քրոնիկ «ռիսկերի ուսումնասիրությունը», որոնք բոլորին շատ լավ հայտնի են, եւ սկսի գործով զբաղվել, այլ ոչ թե դրա նմանակմամբ:
Եվ երրորդ՝ կառավարությունը պետք է ներմուծմանը փոխարինող արտադրանքի տեղացի արտադրողներին գործուն աջակցություն ցույց տա՝ սուբսիդիաներ եւ էլեկտրաէներգիայի արտոնություններ, պարարտանյութ եւ սերմեր տրամադրելով: Միայն այս դեպքում մենք կկարողանանք մեր ժողովրդին պաշտպանել մեր թշնամիների սննդամթերքի միջոցով կենսաբանական եւ քիմիական դիվերսիաներից եւ նրանց արտադրանքը մեր շուկայից դուրս մղել:
Պարույր Սինյավսկի