«Եվրատեսիլ 2017». բլոգերները շոկ են ապրել Արծվիկի փորձնական ելույթից (տեսանյութ)

18:31   1 մայիսի, 2017

«Եվրատեսիլ-2017»-ին հաշված օրեր են մնացել: Մայիսի 9-ին Կիեւում կկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ կունենա նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը: Հայ երգչուհին իր եվրատեսիլյան Fly With Me երգը կներկայացնի 16-րդ համարի ներքո:

Մասնակիցներն արդեն ժամանել են Ուկրաինայի մայրաքաղաք, որտեղ այս պահին անցկացվում են մրցույթի փորձերը: Այսօր կայացել է նաեւ Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը եվրատեսիլյան բեմի վրա:

Արծվիկի փորձնական ելույթին են անդրադարձել եվրատեսիլյան հայտնի՝ Wiwibloggs կայքի լրագրողները:

«Անկեղծ ասած՝ ինձ Արծվիկը դուր էր գալիս, բայց այն, ինչ նա արեց այսօր... կարող եմ ասել, որ նա մրցույթի ակնհայտ ֆավորիտներից է: Հայաստանը միշտ լավ շոուներ է ներկայացնում մրցույթին, բայց այս անգամ դա պարզապես գլուխգործոց է: Այնքան դետալներ կան, որ ստիպում են շունչդ պահել՝ էթնիկ երաժշտության, հայկական հնչեղության, հնդիկ աստվածների խառնուրդն արված է պարզ եւ հանճարեղ: Արծվիկը բեմ բարձրացավ իր հասարակ հագուստով, բայց ես նույնիսկ ուշադրություն չդարձրեցի դրան՝ այնքան խորն էր ելույթն ինձ կլանել», - պատմում է շոկի ենթարկված Վիլյամը:

«Արծվիկը հիացնում է իր պրոֆեսիոնալ ելույթով: Կյանքում նա համեստ է եւ, թվում է, բեմում չի բացվի, բայց այն, ինչ տեսա այսօր, ինձ շոկի ենթարկեց: Ամեն ինչ արված է ճաշակով: Երկու պարուհիները երգչուհու հետ հրաշալի խորեոգրաֆիա են կատարում, որը համահունչ է էկրանին ցուցադրվող պատկերներին: Ասել, որ տպավորված եմ, նշանակում է՝ ոչինչ չասել», - նշել է կայքի մյուս լրագրողը:

Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:



© NEWS.am STYLE