«Նորաձեւությունը երջանկություն է, բայց այն դեղորայք չէ». Դոնաթելա Վերսաչեն նշում է 62-ամյակը

14:35   2 մայիսի, 2017

Իտալացի մոդելավորող, Versace նորաձեւության տան համասեփականատեր եւ գլխավոր դիզայներ Դոնաթելա Վերսաչեն այսօր` մայիսի 2-ին, նշում է ծննդյան 62-ամյակը:

Դոնաթելան առաջին դիզայներներից էր, որը նախընտրեց իր ցուցադրություններիn հրավիրել ոչ թե համաշխարհային ճանաչում ունեցող մոդելների, այլ շոու-բիզնեսի հայտնի աստղերի` իր շոուները դարձնելով ավելի հետաքրքիր եւ աղմկահարույց: Այդ հայտնիների թվում էին Ջենիֆեր Լոպեսը, Մադոննան, Բեյոնսեն, Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան, Դեմի Մուրը եւ այլք: Նրան մեծ հայտնիություն բերեց համարձակ կանաչ զգեստը, որն անվանեցին «ջունգլիների զգեստ», եւ որը Ջենիֆեր Լոպեսը կրեց «Գրեմմի-2000» մրցանակաբաշխության ժամանակ:

Վերսաչեն այսօր նորաձեւության ոլորտի ամենահայտնի դեմքերից է: Հասարակությունը քննարկում է ոչ միայն նրա զգեստները, այլեւ արտաքինը, պլաստիկ վիրահատություններն ու անձնական կյանքը: Նրա կերպարն առկա է նորաձեւության մասին նկարահանված գրեթե բոլոր ֆիլմերում:

Մոդելավորողին պատկանող հետաքրքիր մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Նորաձեւությունը երջանկություն է. այն զվարճալի է, կարեւոր, բայց դեղորայք չէ»:

«Ես հասկանում եմ, որ նորաձեւության կանոնը փոփոխվելն է: Անգամ որպես դիզայներ` ես չեմ ցանկանում միշտ նույնը լինել»:

«Մարդիկ միշտ զարմանում են տեսնելով, թե որքան քաղաքավարի են իմ երեխաները. նրանք դաստիարակված են, շնորհքով եւ խելացի»:

«Վատ է, երբ կուլ ես գնում հասարակության կարծիքին: Մենք բոլորս պետք  է հավատանք մեր սեփական ուժերին»:

«Նորաձեւությունը զենք է, որը կարող ես օգտագործել անհրաժեշտության դեպքում»:

«Նորաձեւությունն այն է, երբ երազում ես եւ այնպես անում, որ մյուսներն էլ երազեն քեզ հետ միասին»:

«Ես սովորել եմ գնահատել այն, ինչ ունեմ: Դա քիչ չէ, ես իսկապես հաջողակ եմ»:

«Հեշտ է ստեղծել մի հավաքածու, որը բոլորին դուր կգա, որը ոչ-ոք չի քննադատի: Բայց քննադատությունը կյանքի մի մասն է»:

«Ինչ-որ բան պետք է փոխել այս աշխարհում: Առանց այդ փոփոխության երիտասարդներն ապագա չեն ունենա»:

«Նորաձեւության ամենամեծ սխալներն են` էժանագին կոստյումները, կոշիկներն ու շապիկները: Ձեր գումարն ավելի արժեքավոր բաների վրա ծախսեք»:

«Ստեղծագործությունը ծնվում է մտքերի հետ կոնֆլիկտի արդյունքում»:



© NEWS.am STYLE