Հոլիվուդյան հմայիչ աստղեր Մեթյու ՄաքՔոնահին ու Իդրիս Էլբան՝ «Մութ աշտարակ» ֆիլմի թրեյլերում

13:36   3 մայիսի, 2017

Youtube-ի Comicbook.com ալիքում հրապարակվել է The Dark Tower («Մութ աշտարակ») ֆիլմի թրեյլերը՝ ըստ Սթիվեն Քինգի վեպերի շարքի։

Մի քանի ամիս անց տեղի կունենա առաջին ժապավենի պրեմիերան, իսկ արդեն այժմ համացանցում կարելի է գտնել նախագծի թրեյլերը, որտեղ գլխավոր դերում են Մեթյու ՄաքՔոնահին եւ Իդրիս Էլբան։

Մեթյուն պարզապես ստեղծված է բացասական դերերի համար։ Ժապավենում նա մարմնավորում է բազմաթիվ անուններ ունեցող բացասական հերոսի, սակայն հերոսն առավել հայտնի է Ուոլթեր Փադիկ կամ Ուոլթեր Օ'Դիմ անվամբ։

Էլբան մարմնավորել է նետաձիգ Ռոլանդ Դիսքեյնին, ով հնագույն տոհմի վերջին ներկայացուցիչն է։ Նա դեգերում է մեռնող աշխարհում՝ փնտրելով այն նույն մութ աշտարակը, որը, ինչպես նա հույս ունի, կարող է մարդկությանը փրկել կործանումից։

Հետաքրքիր է, որ Քինգը «Մութ աշտարակի» էկրանավորման իրավունքը վաճառել է 19 դոլար 19 ցենտով։ Պատճառն այն է, որ 19 թիվը գրքերում գլխավոր գաղափարներից է։
Գրքերի շարքն իր մեջ ներառում է 8 գիրք, որոնք նկարագրում են զուգահեռ տիեզերքը եւ  միացված են սյուժեի շրջադարձներով եւ որոշ կերպարներով։


«Մութ աշտարակ» ֆիլմի համաշխարհային շպրեմիերան նախատեսված է 2017 թվականի հուլիսի 27-ին։



© NEWS.am STYLE