«Ձգտում եմ անել այն, ինչը կհետաքրքրի իմ տարեկիցներին». Մենչի դուստր Էլինան՝ իր դիզայներական աշխատանքների մասին

11:25   4 մայիսի, 2017

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի (Մենչ) 13-ամյա դուստրը՝ Էլինա Պետրոսյանը, վերջին շրջանում շատ ակտիվ է համացանցում: Աղջիկը ոչ միայն վիդեոբլոգ է վարում՝ ներկայացնելով իր առօրյան, տունը, դպրոցը, սիրված սիթքոմների նկարահանման հրապարակները, այլեւ հստակ քայլեր է ձեռնարկում դեպի նորաձեւության աշխարհ: Elina Fashion-ի պատկերազարդումներով շապիկներն այսուհետ ավելի հաճախ կարող եք տեսնել հայկական շոու-բիզնեսի հայտնիների՝ Ավետ Բարսեղյանի, Գոռ Հակոբյանի, Միհրան Ծառուկյանի, Գրիգոր Դանիելյանի եւ շատերի հագին:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Էլինան խոսել է իր նախասիրությունների եւ երազանքների մասին.

«Նորաձեւությամբ շատ վաղուց եմ հետաքրքրված: Որքան ինձ հիշում եմ, երազանքս եղել է, որ դառնամ դիզայներ: Մի օր դասից եկա տուն եւ որոշեցի նկարել շապիկների վրա: Մայրիկիս խնդրեցի, որ ներկեր եւ շապիկներ գնի, ու այդպես սկսեցի զբաղվել այս ամենով»,-ասում է Էլինան՝ հավելելով.

«Վստահ եմ, որ շատ մարդիկ են անում նույնը, ինչ ես, պարզապես ես ցանկանում եմ եւ ձգտում անել այն, ինչը կհետաքրքրի իմ տարեկիցներին»:

Էլինան նշում է, որ արդեն շատ պատվերներ է ստանում, սակայն իր աշխատանքները հաճախ նաեւ նվիրում է մտերիմներին:

Խոսելով իր երկու նախասիրությունների՝ նորաձեւության եւ վիդեոբլոգի մասին, Էլինան նշում է.

«Երկու ոլորտներն էլ հետաքրքիր են ինձ համար, բայց ավելի շատ ուզում եմ դառնալ աշխարհահռչակ դիզայներ»:

Աղջիկը խոստովանում է, որ հաճախ տեսանյութեր նկարահանելիս խորհուրդով դիմում է հայրիկին.

«Հայրիկիցս խորհուրդ հարցնում եմ, բայց նա ավելի շատ ուզում է, որ ես ամեն ինչ ինքնուրույն անեմ եւ հաճախ չի օգնում, ասում է, որ ինքնուրույն պետք է հասնեմ արդյունքի՝ առանց ոչ մեկի օգնության: Առհասարակ, ես իմ կատարած բոլոր աշխատանքներն էլ սիրում եմ, բոլորն էլ ինձ հոգեհարազատ են»,-նշեց Էլինան՝ հավելելով, որ բացի վերը նշված զբաղմունքներից՝ նաեւ անգլերեն է պարապում, հաճախում է նկարչության եւ դաշնամուրի դասընթացների:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էլինայի եւ Արմեն Պետրոսյանի  Instagram-ի էջերից



© NEWS.am STYLE