Ինչպես տարբերել դիզայներական պայուսակը կեղծվածից

14:14   3 ապրիլի, 2013

Ցանկանում եք հայտնի ապրանքանիշի պայուսակ ձեռք բերել, բայց կեղծվածը գնելու մտավախությո՞ւն ունեք: NEWS.am STYLE-ը խորհուրդներ է տալիս, թե ինչպես կարելի է դիզայներական իրը տարբերել չինական «մոդելյորների» աշխատանքից:

1. Դիզայներական պայուսակը, ճնշող մեծամասնության դեպքերում, ներսում պլաստիկե հավելումներ չունի: Բացառությամբ աստառի, որտեղ, որպես կանոն, կարված է կաշվե պիտակ՝ դիզայների ստորագրությամբ:

2. Դիզայներական պայուսակը ներսից եւ դրսից լավ կարված է: Բոլոր կարերը կատարյալ են եւ ամուր:

3. Պայուսակի որսի դուրս գալուց առաջ դիտեք, թե այն ինչպիսի տեսք ունի բրենդի կայքում: Դա հնարավորություն կտա ակնթարթորեն արտաքին տեսքից տարբերել կեղծվածը:

4. Դիզայներական պայուսակի կաշին հարթ է, փափուկ եւ յուրահատուկ հոտ ունի, որը դժվար չէ տարբերել դերմանտինի հոտից:

5. Դիզայներական ապրանքանիշի լոգոտիպը պետք է հարթ լինի, առանց սոսնձի հետքերի:

6. Դիզայներական պայուսակի նկարը պետք է ծածկի դրա ամբողջ մակերեսը: Տառերի տեսքով նկարը, ինչպես, օրինակ, Louis Vuitton հայտնի պայուսակների վրա, պետք է տարածվի մեկ ուղղությամբ:



© NEWS.am STYLE