Արծվիկի երկրորդ փորձը՝ «Եվրատեսիլ 2017»-ի բեմում (տեսանյութ)

11:25   5 մայիսի, 2017

Կիեւում ընթանում են «Եվրատեսիլ 2017»-ի փորձերը։ Հայաստանը ներկայացնող Արծվիկն այսօր երկրորդ փորձնական ելույթն է ունեցել եվրատեսիլյան բեմում։

Նշենք, որ մեր մասնակցի առաջին փորձնական ելույթը բարձր է գնահատվել հանդիսատեսի ու լրագրողների կողմից։ Ըստ Esctoday.com-ի՝ առաջին փորձնական ելույթներին իր գնահատականն է տվել եվրատեսիլյան 35 լրագրողից բաղկացած ժյուրին: Մեր մասնակցի՝ Արծվիկի ելույթը նրանք ամենաբարձրն են գնահատել՝ տալով 100 միավոր: Նրան հաջորդում է Մոլդովայի ներկայացուցիչը, ապա՝ Կիպրոսինը:

Եվրատեսիլյան բեմում առաջին փորձից հետո Արծվիկը կիսվել է իր տպավորություններով.

«Չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել զգացողություններս փոխանցելու համար: Այս պահերի մասին երազել եմ դեռ այն ժամանակ, երբ լրացնում էի «Դեպի եվրատեսիլ»-ի հայտը: Ամեն բան այնքան տպավորիչ է, այնպիսի թեւեր եմ ստանում, երբ բեմում գիտակցում եմ, որ ներկայացնում եմ իմ երկիրը»։

Հիշեցնենք, որ  մայիսի 9-ին Կիեւում կկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ կունենա նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը: Հայ երգչուհին իր եվրատեսիլյան Fly With Me երգը կներկայացնի 16-րդ համարի ներքո:

Տեսանյութը՝ WiwiBloggs-ի 

Հետեւեք NEWS.am STYLE-ին՝ Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում:



© NEWS.am STYLE