«Պիտի գնաք ձեր երազանքների հետեւից». Արծվիկը՝ «Եվրատեսիլ 2017»-ի եզրափակիչ անցնելու մասին

02:35   10 մայիսի, 2017

Քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը, որի ընթացքում 16-րդ համարի ներքո հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Արծվիկը։

Նա փայլուն կատարեց իր Fly With Me երգը՝ արժանանալով ժյուրիի եւ հանդիսատեսի դրական գնահատականին, ինչի արդյունքում Հայաստանն անցավ մրցույթի եզրափակիչ։

Համերգից անմիջապես հետո եզրափակիչ անցած մասնակիցները հանդես եկան մամուլի ասուլիսով, որի վերջում վիճակահանությամբ որոշվեց, թե եզրափակիչում նրանցից ով որ հատվածում ելույթ կունենա: Այսպիսով, Արծվիկը ելույթ կունենա եզրափակիչ համերգի առաջին մասում:

Պատասխանելով ասուլիսավարի հարցին, թե ինչ տպավորություններ ունի ելույթից, Արծվիկն ասաց. «Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվերակել են իմ օգտին, նաեւ շնորհավորել բոլորին, ովքեր անցան եզրափակիչ փուլ: Ուզում եմ ավելի վեր թռչել, եւ ամեն ինչ կանեմ դրա համար»:

NEWS.am STYLE-ի թղթակիցը նույնպես հարց ուղղեց Արծվիկին՝ հիշեցնելով նրա խոստովանությունը, թե մի անգամ երազ է տեսել, որ կանգնած է «Եվրատեսիլ 2017»-ի բեմում.

«Այո, Դուք ճիշտ եք: Ես տեսել եմ նման երազ, եւ տեսնում եք՝ ինչ է ստացվել, անցել եմ եզրափակիչ եւ շատ ուրախ եմ: Գիտեմ, որ երազները կատարվում են, պետք է երազեք, բայց ոչ թե միայն երազեք, այլ աշխատեք, ամեն ինչ անեք, պիտի գնաք ձեր երազանքների հետեւից, եւ ամեն ինչ կկատարվի, ես հաստատ գիտեմ»:

Հիշեցնենք, որ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 13-ին։

Հետեւեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում, եւ Instagram-ում



© NEWS.am STYLE