«Հայ կանայք փորձում են կրկնօրինակել աստղերի հագուստը՝ չմտածելով իրենց մարմնի անհամապատասխանության մասին». մոդելավորող

16:06   10 մայիսի, 2017

«Մեր երկրում քիչ հնարավորություններ կան, որպեսզի նորաձեւությունը մոտենա եվրոպական ստանդարտներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  «eLSi» նորաձևության տան հիմնադիր Լիանա Սարգսյանը։

«Շատերն են փորձում մոտենալ եվրոպական ստանդարտներին, սակայն մեր երկրում քիչ հնարավորություններ կան: Եթե հնարավորություն չկա ձեռք բերել նյութեր եւ հումք երկրից դուրս, ապա շատ դժվար է փորձել ստանալ լավ որակ եւ արդյունք»,-ասաց նա։

Նորաձեւության տունը մայիսի 12-14-ը մասնակցելու է «Golden lace» նորաձեւության ցուցադրությանը։ Լիանա Սարգսյանի խոսքով՝ իրենք ներկայացնելու են 90% տոկոս ձեռքի աշխատանք, որոնք ավելի մոտ են եվրոպական ստանդարտներին։  «Փորձել ենք ընդգծել կնոջ գեղեցկությունն ու նրբագեղությունը»։

Լիանա Սարգսյանը խոսեց նաև հայ կանանց նախասիրությունների մասին, որոնք հասցրել է նկատել իր գործունեության ընթացքում. «Հայ կանայք ավելի շատ հետևում են ինտերնետային նորություններին, փորձում են նմանակել ինչ-որ մեկին՝ չմտածելով, որ իրենց մարմինը համապատասխան չէ այդ հերոսուհուն: Պետք է փորձել հագնվել ճիշտ`ինքդ քեզ ճանաչելով, գնահատելով, ճիշտ հասկանալով սեփական մարմինը»:

«Golden lace»-ի գլխավոր կազմակերպիչ Նաիրա Նիազյանն էլ լրագրողների հետ կիսվեց միջոցառման  որոշ մանրամասներով.

«Նորաձևության շաբաթն անցկացվելու է «Yerevan show» ոսկերչական միջազգային յոթերորդ փառատոնի շրջանակներում: Երեք օրերի ընթացքում ինը մոդելավորողներ տարբեր երկրներից` Լիբանան, Ռուսաստան, Ֆրանսիա և այլն, ներկայացնելու են իրենց հավաքածուները: Ցուցադրությունը կբացվի Վյաչեսլավ Զայցևի հավաքածուով, այնուհետև կշարունակեն հայ և այլազգի մոդելավորողներ: Փակմանը լինելու է հայկական նորաձության օր, որի ընթացքում ցուցադրվելու է բացառապես հայկական հագուստ եւ աքսեսուարներ»:

Լիբանանից հրավիրված մոդելավորող Վանանդ Աբրահամյանն, ում աշխատանքները նույնպես ցուցադրվելու են, նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում նման միջոցառման մասնակցում. 
«Կներկայացնեմ աշխատանքներ՝ գարնանային, գունավոր եւ ծաղկային թեմաներով։ Հավաքածուում կգերիշխեն հիմնականում կարմիր, կանաչ եւ կապույտ գույները»,- նշեց նա։

Հավելենք, որ մայիսի 12-ին, 13-ին-ին 14-ին  «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում տեղի կունենա «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես վաճառք եւ Yerevan Fashion Week «Golden lace» նորաձեւության շոուն: 

Լուսինե Իսրայելյան



© NEWS.am STYLE