Երեւանյան կինոազդ. «Հեռո՛ւ» ժապավենը՝ սարսա՞փ, թե՞ կատակերգություն

20:05   14 մայիսի, 2017

Այս գարնան նորույթներից մեկը «Հեռո՛ւ» (Get Out) կոչվող սարսափ ֆիլմն է: Այն հայտնի սթենդափ երգիծաբան Ջորդան Փիլի դեբյուտային ֆիլմն է: Նրա համար ռեժիսորի ամպլուան բոլորովին նոր է եւ, կարելի է ասել, որ դեբյուտը ստացվել է:

Ջորդանի սեւ հումորը վաղուց է գրավել հանդիսատեսին, ուստի զարմանալի չէ մասնագետների բարձր գնահատականը: Արեւմտյան կինոքննադատները գրեթե միաձայն ֆիլմը գլուխգործոց են համարում: Միջին գնահատականը rotten tomatoes-ում 8.3 է: Շարքային հանդիսատեսը նույնպես բարձր է գնահատել. imdb-ում գնահատականը 8.0 է: Ֆիլմի բյուջեն 4.500.000 դոլար է, այն դեպքում, երբ միայն ԱՄՆ-ում վարձույթից 130.000.000 դոլար է հավաքվել:

Սյուժեի հիմքում երիտասարդ լուսանկարիչ Քրիսի (Դանիել Քալույա) պատմությունն է, ով հանգստյան օրերին եկել է ընկերուհու՝ Ռոուզի (Էլիսոն Ուիլյամս) ծնողների հետ ծանոթանալու: Սիրելիի ընտանիքն ապրում է քաղաքի արվարձանում գտնվող տանը, որտեղ էլ տեղի են ունենում ֆիլմի հիմնական հատվածի գործողությունները: Լիբերալ-սնոբների խելագար ընտանիքը՝ սեւամորթ սպասավորներով, միանգամից կասկած է առաջացնում: Սեւամորթների վերաբերյալ կարծրատիպերը ֆիլմում շատ նուրբ, բայց բավական բաց են ներկայացված: Քննարկենք ֆիլմը՝ ըստ առանձին բաղադրիչների:

Սկսենք թերություններից: Ռեժիսորը մի քանի անգամ վատահամբավ հնարքների է դիմել՝ սքրիմերներ, լղոզված ուրվապատկերներ եւ այլն: Այսպես, թե այնպես ֆիլմը «սարսափ» է համարվում, եւ մի քանի դասական հնարքներ ներկայացված են: Սրանով թերություններն օբյեկտիվորեն ավարտվում են: Ֆիլմի բացարձակ արժանիքը կարելի է համարել հանդիսատեսին հոգեբանական լարվածության մեջ պահելը: Էսթետիկ կողմը նույնպես ուշադրության արժանի է: Ֆիլմը բավական կոշտ եւ սյուրռեալիստական երանգներով է նկարահանված: Առկա է գույների գրագետ խաղ, ինչը չի կարող հանդիսատեսին չուրախացնել: Ու թեեւ ժապավենը «սարսափ» եւ դետեկտիվի ժանրում է, բայց դասական «սարսափ» չի կարելի համարել: Ֆիլմում առկա է ռասիզմի թեման, բայց ռեժիսորը սեւամորթներին չի ներկայացնում որպես աշխարհում ամենաճնշվածների, եւ դա թարմ մոտեցում է: Միաժամանակ, այն ոչ մի կերպ չի կարելի հակառասիստական անվանել:

Չնայած սուր սոցիալական թեմային՝ ֆիլմը կարելի է ավելի շատ զվարճալի եւ հեգնական սարսափ համարել: Իսկ հումորի մասը մեկնաբանությունների կարիք չունի: Տանտիրուհին հյուրին համառորեն առաջարկում է թողնել ծխելը հիպնոզի օգնությումբ, որով նա զբաղվում է: Ավելորդ լրջությունն այս ֆիլմին կխանգարեր, իսկ մի քանի հեգնական պահեր նույնիսկ շատ տեղին են: Հումորի եւ սարսափի սինթեզը գրագիտորեն փոխգործակցում է այստեղ: Գլխավոր հերոսի սեւամորթ ընկերը հումորի հիմնական բեռն իր վրա է կրում:

Ժապավենի մյուս առավելություններից կարելի է համարել ամբողջական եւ միմյանց չնմանվող կերպարները: Ֆիլմի գլխավոր հերոսները հեռու են տիպական լինելուց, որոնց մահվանը դու անհամբերությամբ ես սպասում ֆիլմի արդեն 15-րդ րոպեից: Դրանցից շատերը հետաքրքրություն ու իրենց ավելի լավ ճանաչելու ցանկություն են առաջացնում: Արագ զարգացող իրադարձությունները հանդիսատեսին թույլ չեն տալիս ձանձրանալ: Կարեւոր է հիշել, որ այն «Blumhouse»-ի արտադրանքն է, իսկ դա որոշակի պարտավորություններ է առաջացնում ֆիլմի հեղինակների համար:

Ուշագրավ է նաեւ, որ ֆիլմը երեք դեբյուտ է ներկայացում. Ջորդան Փիլի համար՝ ռեժիսորի դերում առաջին աշխատանքի, կոմպոզիտոր Մայքլ Էբելսի եւ տղամարդու գլխավոր կերպարը մարմնավորող Դենիել Քալույայի համար: Արժե նշել նաեւ այսօրվա ամենահաջող պրոդյուսերներից մեկի՝ Ջեյսոն Բլումի մասնակցությունը:

Օպերատորական աշխատանքն արժանիք է, որի մասին չի կարելի լռել: Պրոֆեսիոնալ Թոբի Օլիվերը կարողացել է հրաշալիոեն համադրել պլանները: Երաժշտական ձեւավորումը նույնպես տարբերվում է: Մայքլ Էբելսը միանշանակ ֆիլմին դրական միավորներ է ավելացրել. միայն ջութակն ամեն ինչ արժե:

«Հեռո՛ւ»-ն օրիգինալ, գրավող եւ տեղ-տեղ ծիծաղաշարժ ֆիլմ է, իսկական հայտնություն՝ օրիգինալ սյուժեների սիրահար կինոմանների համար:

Ռիգա Մելիքյան



© NEWS.am STYLE