«Երգը նվիրում եմ ոստիկանապետին». Ռուբեն Հախվերդյանի հեգնանքն ու խոստովանությունները՝ երեւանյան համերգին

22:20   14 մայիսի, 2017

Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում եղանակին համահունչ երգեր էին հնչում. բեմում Ռուբեն Հախվերդյանն էր՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ միասին։

Հախվերդյանի խոսքով՝ իր կյանքում երկրորդ անգամն է բեմ բարձրանում նվագախմբի հետ։ Համերգի ավարտին երգահանը խոստացավ՝ ինքն իր վրա աշխատել ու ավելի շատ ելույթ ունենալ նման պրոֆեսիոնալ երաժիշտների հետ։

Համերգի ընթացքում Հախվերդյնաի երգերը հնչեցին նորովի մշակմամբ, որոնց հեղինակը Նարինե Զարիֆյանն է։ Իրեն հատուկ ոճով երգահանը շփվեց հանդիսատեսի հետ. «Այս երգերն իմը չեն, դրանք ձերն են, քանի որ դուք ձեր ծափերով կայացրեցիք դրանք, ապացուցեիք, որ սիրում եք։ Ձեր շնորհիվ է, որ դրանք ապրում են, ես էլ՝ գումար եմ աշխատում, որովհետեւ ուրիշ բան անել չգիտեմ»,-ասաց նա՝ բացահայտելով, թե որն է իր չսիրած երգը.

««Մեր սիրո աշունը» ես գիտեմ, որ դուք շատ եք սիրում, բայց դա այն երգն է, որը ես չեմ սիրում»։

Հախվերդյանը բացահայտեց նաեւ, թե իր երիտասարդության եւ հաջողության գաղտնիքը որն է. «Ես ոչ թե հին եմ, այլ հինավուրց, բայց իմ ջահելության գաղտնիքը գինին է։ Օրական մեկ գավաթ գինի խմեք։ Նաեւ այն է, որ ինչ անում ես, պետք է հոգով ու սրտով անես, այլապես՝ ոչ մի բան չի ստացվի»։

Ռուբեն Հախվերդյանը թեեւ համերգի սկզբում խոստացավ քաղաքականությունից չխոսել, այնուամենայնիվ, չկարողացավ  զսպել իրեն եւ երգ նվիրեց ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Այս երգը նվիրում եմ մեր ոստիկանապետին, որին բոլորդ շատ սիրում ենք»,-հեգնանքով ասաց նա՝ շարժելով հանդիսատեսի ծիծաղը.

«Ճիշտն ասած՝ երգը գրվել է խորհրդային տարիներին։ Հիմա, թե ինչ է փոխվել դրանից հետո, ինչ չի փոխվել, ինքներդ գիտեք։ Ինձանից լավ գիտեք, թե ովքեր են սրիկաները, ովքեր են լավ մարդիկ, ես ուղղակի ձեզանից մեկն եմ։ էդ ցույցերի ժամանակ որ ասում են՝ մենք ձեր կողքին ենք, դա ինձ ջղայնացնում է, որովհետեւ դու նրանց մեջից ես, դու նրանց կողքին չես, կողքից ուրիշներն են»,-ասաց նա՝ ոստիկանի մասին իր երգը կատարելուց առաջ՝ միաժամանակ խոստովանելով, որ հաճախ է հայտնվել ոստիկանական բաժանմունքում.

«Մի քանի անգամ էլ մռութիս կերել եմ»։

Պատրաստեց Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE