Երևան գծիկ Ալավերդի

18:15   15 մայիսի, 2017

Ոչ թե հենց քաղաքները, այլ էն ճանապարհը, որը մայրաքաղաքից շրջան է տանում (բառիս ամենագրավիչ, կարոտախտային իմաստով): Սա շատ ավելին է, քան A կետից B կետ մեկնելը: Սա վաղուց ի վեր ինձ հարազատ դարձած վիճակ է: Անունը «գծիկ» եմ դրել:

Զարմանալի չէ, որ այս ճանապարհով տրամվայ կամ տրոլեյբուս չի անցնում: Թե չէ  քաղաքավարի չէր լինի ասֆալտի վրայի երկiնքը շղթայել՝ յուրաքանչյուրին զրկելով ուզած պահին  ճանապարհից շեղվելու իրավունքից: Բայց ես չեմ շեղվում,  իմաստն էլ դա է:

Նեղ մայրուղու երկու կողմերում դաշտեր են ձգվում՝ ընդարձակ, կամ, ինչպես կթելադրեին դպրոցում, անծայրածիր: Մեկ էլ պարտադիր էր գրատախտակին ամսաթիվ գրել. օրինակ՝ «Մարտի 24, երեքշաբթի»: «...և երբ վերադառնամ, թող ժամը 6-ը լինի…»

Գրեթե 1.5 ժամ անց դաշտերին փոխարինում են լեռները: Կարգն է այսպիսին: Եթե անամպ եղանակ է, ժայռերից մեկի վրա կարելի է նկատել ամրոցը ու հպարտ-հպարտ հիշել, թե ոնց ես ոտքով հասել  այնտեղ մի որևէ «հոկտեմբերի 14-ին, կիրակի»:

Հետո գալիս է հարազատ  Վահագնին՝ պատերազմի հեթանոս աստծո պատվին կոչված գյուղը:  Այս գյուղում ամեն տան վրա իր լուսինն է կախված: Եղբորս միտքն էր, ու հա՛,  դրա մեջ ավելի շատ իմաստ կար, քան աշխարհագրության տեսանկյունից պարզաբանումներում: Թե՞ ֆիզիկայի: Երբեք ճշգրիտ գիտություններից խելքս բան չի կտրել:

Մի քիչ հետո թունելն է՝ ամեն պահի պատրաստ փլուզվելու:  Միտքը, որ մինչև հիմա կանգուն է միայն սովորույթի ուժով, գլխիցս ոչ մի կերպ դուրս չի գալիս: Կայարանային քաղաքի սրտում  4 աստղանի հյուրանոցն է: Թևերը լայն բացած՝ այն ներողամտորեն գլխով է անում այցելուներին: Ինձ պաթոսիս համար ձեռ է առնում  ( ո՞վ էլ խոսի): Մինչդեռ շուրջբոլորը քանդվելու ենթակա տները շարունակում են հերթական սերնդին պատսպարել:  «Մեկը՝ տնից, մյուսը՝  տուն...»: Հետաքրքիր է:

 Իսկ այ գիշերը, երբ լույսերն առանց այն էլ աչք-ունքով կանչում են  անծանոթ մարդկանց կյանքին հետևելու, հին տների բնակիչները հետևում են նրանց, ովքեր գտնվում են 4 աստղանի աշխարհի մյուս կողմում, որտեղ անընդհատ փոխվում են այցելուներն ու անվրդով  սպիտակ սփռոցները: Մի տեսակ քրիստոնեություն կա սրա մեջ ու «Չէ, լորդ, ճիշտ չհասկացաք, ես բնավ չեմ խնդրվում Ձեր դղյակ»:

ՈՒ, իհարկե, ամենահավատարիմ ուղեկիցը՝ Դեբեդ գետը՝ աղմկոտ, հավակնոտ, իսկ գարնանն ընդհանրապես քմահաճ, ինչպես և վայել է այս լեռների ու ժայռերի սանին: Նա ևս ոչ մի տեղ չի թեքվում. պարգևը դրա դիմաց ծովն է: Մենք երևի արդեն տեղ ենք հասել (բառիս ամենածույլ ու  անհոգ իմաստով): Ու երևի հրաժեշտ տալու ժամանակն է, որովհետև այս «ենթամնայի» զգացողությունը անհետանում է հենց տան շեմին՝ ձուլվելով ռեհանի ու սամիթի բույրին,  խոհանոցից լսվող ձայներին.

- Տիկին Մարթա, լավ չլսեցի ՝ ժամը քանի՞սն է:



© NEWS.am STYLE