Երեւանյան էսքիզներ. «Կիեւյան» կամուրջ

20:03   15 մայիսի, 2017

Անցյալ դարի 50-ական թվականներին Կիեւյան փողոցը Երեւանի ծայրամասն էր համարվում: Փողոցն անվանակոչվել է 1951 թվականին բարեկարգվելուց հետո, որի համար փողոցի միջնամասում ստիպված էին գրեթե 8 մետրանոց հողաթումբ ստեղծել:

Այնտեղ տրանսպորտի երթեւեկություն չկար, երեկոյան կենտրոնից այստեղ հասնելու համար տաքսիստները այն ժամանակների փողով 10 ռուբլի էին պահանջում: Փողոցի վերջում վեր էր խոյանում դեռեւս 2 շենք՝ համար 7-ը, որի առաջին հարկում պարենային եւ հացի խանութներ կային, եւ համար 8-ը, որտեղ հետագայում «Հրազդան» կինոթատրոնը բացվեց: Դրանց հետեւում մեծ կառույց էր երեւում՝ Հրազդանի կիրճի վրա նոր կամուրջ էր կառուցվում:

Ձախ կողմում Ծիծեռնակաբերդն էր՝ զբոսանքների եւ բացօթյա խնջույքների վայրը: Այնտեղ կարելի էր հասնել ձոր իջնելով, հետո երկար բարձունքը հաղթահարելով: Աջ կողմում ընդարձակ, ծառատնկված 420 հեկտար տարածք էր, որտեղ առաջարկվում էր բնակելի նոր թաղամաս կառուցել:

Իսկ առայժմ երկու ափերն իրար էր միացնում ճոպանների վրա հենված փայտե նեղ կամուրջը, որը քամոտ եղանակին ճոճվում էր: Այն ծառայում էր շինարարներին, բայց եթե քաղաքի համարձակ բնակիչներից որեւէ մեկն ամուր նյարդեր ուներ, կարող էր մյուս ափ անցնել անդունդի վրա ձգված երերվող արահետով:

Երեւանցիները գիտեին, որ սա երկրորդ կամուրջն է, առաջինը փլվել էր շինարարության ընթացքում՝ մի քանի տասնյակ մարդու կյանք խլելով: Զոհված շինարարները հիմնականում դատապարտյալներ էին: Գաղութը գտնվում էր Կիեւյան փողոցի վրա կառուցվող համար 8 շենքի բակում: Գաղութը փակվեց, իսկ մեկ տարի անց շենքն ընդունեց առաջին բնակիչներին՝ 1937 թվականին բռնաճնշումների ենթարկված սիբիրյան աքսորից վերադարձող «հին բոլշեւիկներին»: Իսկ գաղութը վերափոխվեց մասնագիտական-տեխնիկական ուսումնարանի:

Նոր կամուրջը, որ պաշտոնապես Հրազդանի Մեծ համուրջ է կոչվում, տպավորիչ չափեր ուներ: Երկարությունը 335 մետր էր, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 68, կամարաթռիչքը՝ 100: Այն ԽՍՀՄ-ում ամենամեծ եւ աշխարհում երկրորդ երկաթբետոնե կամարային կամուրջն էր: Անհնար է չհիշատակել ամենակարեւորը՝ կամրջի ճարտարապետությունը եւ կառուցվածքը: Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Գրիգոր Գարեգինի Աղաբաբյանի ճարտարապետական գլուխգործոցի իրականացումը հնարավոր դարձավ նախագծողներ Վ. Փինաջյանի, Ս. Հովնանյանի, Ի. Սլովինսկու եւ Ս. Դուրգարյանի ինժեներական վարպետության շնորհիվ: Նորակառույցը գեղեցիկ էր դիտվում Հրազդանի կիրճի համայնապատկերին: Թուջից ձուլած զանգվածեղ ցանցկեն բազրիքները հուսալիության եւ անվտանգության զգացում էին առաջացնում:

1956 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցավ կամուրջի հանդիսավոր բացումը: Մինչեւ այդ կամրջի ամրությունն էր փորձարկվել: Ամբողջ երկայնքով կամրջի վրա բեռնատարներ էին կանգնեցրել, որոնց թափքերը բեռնված էին քարերով: Հարեւան շենքերի բնակիչները հավաքվել էին դարափի մի փոքրիկ հատվածի վրա: Շատերն անցել էին մյուս ափ եւ տեղի ունեցողին հետեւում էին Ծիծեռնակաբերդից: Կամրջի տակ՝ կամարի ամենավերին հատվածում, կանգնած էին ինժեներները՝ ձեռքերին սարքեր, որոնցով չափում էին բեռնվածության հետեւանքով առաջացող կորությունը: Շատերը փորձում էին գուշակել՝ «Բա որ հանկարծ փլուզվի՞: Ախր նրանք կզոհվեն» հարցի պատասխանը:

«Գիտակները» պատասխանում էին, որ այսպես է ընդունված համաշխարհային պրակտիկայում, հեղինակները եւ շինարարները պարտավոր են այնտեղ լինել, եթե իրենց կատարած աշխատանքին 100 տոկոսով վստահ են:

Հրազդանի կիրճի ափերի միացումը ակտիվացնում էր բնակելի նոր թաղամասի՝ Աջափնյակի կառուցումը, աշխուժացնում երթեւեկությունը եւ Կիեւյան փողոցի վրա շինարարությունը: Շենքերը կառուցվում էին Գեորգի Թամանյանի, Աելիտա Նավասարդյանի, Ֆենիքս Դարբինյանի նախագծերով:

Շուտով կամուրջը տխուր հռչակ ձեռք բերեց, քանի որ այն դուր եկավ նրանց, ովքեր ցանկանում էին ինքնակամ կյանքից հեռանալ: 70 մետրանոց բարձրությունից վերջին թռիչք սկսեցին կատարել ե՛ւ երիտասարդները, ե՛ւ մեծահասակները, ինչի պատճառով կամուրջն սկսեցին անվանել «ինքնասպանների կամուրջ»:

Այսպիսի յուրաքանչյուր դեպքն ամբողջ քաղաքին անմիջապես հայտնի էր դառնում, եւ բոլորին հետաքրքրում էր այն հարցը, թե ո՞ր կողմից է ցատկել այս կամ այն տղամարդը կամ կինը: Կարծես թե դա որեւէ նշանակություն ուներ: Սակայն ավելի շատ ցած էին նետվում արեւելյան կողմից, որը քաղաքին էր ուղղված: Տարիների ընթացքում ինքնասպանությունների թիվը չի կրճատվում, սակայն հիմա դա այնպիսի արձագանքի չի արժանանում, ինչպես այն տարիներին:

Կամուրջը 2 անգամ երկար ժամանակով փակվել է: 1980 թվականի մայիսից նոյեմբեր այստեղ ծավալուն շինարարական աշխատանքներ են կատարվել: Զննվել են կառուցվածքները, կարգի է բերվել ճանապարհային ծածկույթը, հաղորդակցությունը:

2005 թվականի ապրիլից Կիեւյան կամրջով երթեւեկությունը 4 ամսով դադարեցվել է եւ կապիտալ վերակառուցում է սկսվել: Տրանսպորտային երթեւեկությունը կատարվել է Դավիթաշենի կամրջով: Որեւէ լուրջ վնասվածք կամ խնդրահարույց հատված չի հայտնաբերվել: Սակայն կառուցվածքներն ամրապնդվել են, տրամվայի գծերն ապամոնտաժվել:

Այնուամենայնիվ, առաջին կամուրջն ինչո՞ւ փլուզվեց: Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներին պատմել են, որ երբ երկու ափերին հավաքել են կիսակամարների մետաղական հիմնակմախքները, իսկ հետո դրանք տարել են միջնամաս, կցատեղերն ամրացրել են  հեղույսներով: Հետո փայտամած են դրել եւ սկսել վերեւից բետոն լցնել: Ինչ-որ պահի հիմնակմախքը բետոնի ծանրությանը չի դիմացել, եւ կամրջի կառուցվածքները փլուզվել են՝ թափվելով կիրճ: Նախագծային փաստաթղթավորման, շինանյութի որակի եւ աշխատանքների կազմակերպման բազմակողմանի փորձաքննություն է պահանջվել: Արդյունքում պարզվել է, որ ամրացնող հեղույսները նախագծով պետք է պատրաստվեին 5 ստանդարտի պողպատի տեսակից: Իրականում դրանք պատրաստվել էին 3 ստանդարտի ավելի թույլ տեսակի պողպատից: Կիրճում դեռ երկար ժամանակ ընկած էին փլուզված կամրջի բետոնե հսկա մեծաբեկորները:

Կիեւյան կամուրջը դեռեւս որքա՞ն երկար կանգուն կմնա: Համարվում է, որ նախագծողները կամուրջները հաշվարկում են 150-ամյա շահագործման համար: Այնպես որ, մերը, ինչպես ասում են, դեռեւս «ուժերի լիակատար ծաղկման» շրջանում է:

 

Պավել Ջհանգիրով



© NEWS.am STYLE