Բարի մարդիկ, հնագույն պատմությունն ու խորովածի համն ու հոտը. չինացի ուսանողի արկածները Հայաստանում (ֆոտո, վիդեո)

20:32   15 մայիսի, 2017

Հարվարդի համալսարանի ուսանող Մայքլն ավելի քան 40 երկրում է եղել, բայց այն, ինչ տեսել է Հայաստանում, նրան տպավորել է ամենից շատ: 20-ամյա ազգությամբ չինացի երիտասարդն առաջին անգամ մեր երկրի մասին լսել է իր 80-ամյա պապիկից, որը 1950-ական թվականներին ուսանել է Ռուսաստանում, բայց  որոշումը՝ gալ ու տեսնել Հայաստանը, նա կայացրել է համալսարանում իր հայազգի ընկերոջ հետ ծանոթությունից հետո:


«Հետո տեղեկացա, որ համալսարանը ծրագիր ունի Հայաստանի Կենտրոնական բանկում երկու ամիս աշխատելու, եւ ես որոշեցի մասնակցել, քանի որ  Հայաստանը պարզապես հրաշալի թվաց ինձ լուսանկարներով եւ հոդվածներով, որոնք ես տեսա համացանցում: Ես մտածեցի, որ նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է ընձեռվում եւ որոշեցի գալ Հայաստան»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց նա:

 

Իր հայկական արկածներով Միքայելը կիսվել է համացանցում՝ հոլովակներ տեղադրելով: Ասում է՝ հասկացել է, որ իր շրջապատի մարդիկ շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին, ուստի որոշել է իր հոլովակներով պատմել մեր երկրի մասին: Նա տպավորվել է մեր երկրի դարավոր պատմությամբ ու թե ինչպես են հայերը պահպանում իրենց այցյալն ու մշակույթը.


«Ինչպես Չինաստանը, Հայաստանը եւս հազարավոր տարիների պատմություն ունի: Հայաստանը պահպանել է իր հնագույն պատմությունը շատ լավ, որը ոչ միշտ է հանդիպում այլ երկրների մոտ: Մարդիկ, որոնց ես հանդիպեցի Հայաստանում, շատ լավ հասկանում եւ պահպանում են իրենց պատմությունն ու մշակույթը»:

Չինացի ճանապարհորդին ամենից շատ ապշեցրել է հայերի հյուրընկալությունը.   

«Առաջին տպավորություններս Հայաստանի մասին հրաշալի են առաջին հերթին ինձ հանդիպած բարի մարդկանց շնորհիվ: Նրանցից շատերը երբեք չէին տեսել չինացի, բայց պատրաստակամ էին օգնել»,-ասաց նա՝ խոստավանելով, որ իրեն անտարբեր չի թողել նաեւ հայկական խոորվածի համն ու հոտը:

«Այնուամենայնիվ, կա՞ մի բան, որ նրան դուր չի եկել Հայաստանում» հարցին Միքայելը պատասխանեց. «Ծխողների մեծ քանակը»:

Բացի Երեւանից, Միքայելը եղել է նաեւ Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում, Դիլիջանում եւ Գյումրիում:

Շուշան Շատիկյան, Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE