Քերոլին Ռաֆայելյանը հայտնվել է 2017-ի ամենաազդեցիկ 50 մայրերի վարկանիշում

19:45   15 մայիսի, 2017

Working Mother պարբերականը հրապարակել է 2017-ի ամենաազդեցիկ մայրերի իր ավանդական վարկանիշը։ «Թոփ 50»-ում ընգրկվել են Ամալ Քլունին (4-րդ), Ադելը (5-րդ), Բեյոնսեն (7-րդ), Վիոլա Դեւիսը (8-րդ), Նիկոլ Քիդմանը (9-րդ), Քերի Վաշինգտոնը (14), Ռիզ Ուիզերսփունը (15), Վիկտորիա Բեքհեմը (16), Քերոլին Ռաֆայելյանը (19-րդ), Իվանկա Թրամփը (45) ու այլ հանրահայտ կանայք։

Սա հերթական հաջողությունն է հայուհու համար, որն անցած տարի հայտնվել էր Forbes-ի կազմած՝ ԱՄՆ ամենահաջողակ գործարար կանանց վարկանիշի 26-րդ հորիզոնականում։ Քերոլինն ունի երեք զավակ՝ Ալեքսը, Անին ու Ալիվիան։ Նրա կարողությունը գնահատվում է 700 մլն դոլար։

«Եկեք չմոռանանք, որ մենք ուժեղ ենք։ Հայրս նույն ձեւով էր վերաբերվում եղբորս ու մեզ՝ դստրերիս։ Մենք արել ենք այն, ինչ մեզ անհրաժեշտ էր, մեզ բոլորիս նույն ձեւով են վերաբերվել»,- ասել է Քերոլինը DuJour պորտալին տված հարցազրույցում։

2004-ին Քերոլինը՝ ոսկերչական գործարանի սեփականատիրոջ դուստրը, հիմնել է իր սեփական ոսկերչական ընկերությունը, որը կոչել է «Alex and Ani»՝ իր զավակների պատվին։ Նա ընկերության գլխավոր տնօրենն ու գլխավոր կրեատիվ տնօրենն է:

Ամենաազդեցիկ մայրերի վարկանիշի առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդա Գեյթսը։



© NEWS.am STYLE