Մկոն, Գարիկ Պապոյանը, Շուշաննա Թովմասյանն ու այլ հայտնիներ կարդում են Պարույր Սեւակ (տեսանյութ)

12:50   17 մայիսի, 2017

Video Cavalry Studio էջում հայտնվել հայ աստղերի մասնակցությամբ մի հոլովակ, որտեղ նրանք ասմունքում են Պարույր Սեւակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը:

Հոլովակում նկարահանվել են՝ Ջիվան Գասպարյանը, Արա Գեւորգյանը, Արտաշես Ալեքսանյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Նադեժդա Սարգսյանը, Մկրտիչ Արզումանյանը (Մկո), Լեւոն Հարությունյանը, Գարիկ Պապոյանը, Արսեն Սաֆարյանը, Հասմիկ Կարապետյանը, Շուշաննա Թովմասյանը, Անահիտ Սիմոնյանը, Ավետ Բարսեղյանը, Սոֆի Մխեյանը, Անի Պետրոսյանը եւ այլք:

Մտահղացման հեղինակն ու տեսոհոլովակի ռեժիսորը Արման Մկրտչյանն է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա ասաց, որ հոլովակը նվիրված է հայ ազգի պատմությանը, բայց դրա հիմքում ոչ թե ողբն է, այլ վերածնման գաղափարը. «Փորձել ենք ցույց տալ ոչ թե այն, որ մենք ծեծված ենք ու տանջված, այլ՝ հաղթանակած»:

Մեր հարցին, թե ինչու է ընտրվել Սեւակի այս բանաստեղծությունը, ռեժիսորը նշեց. «Այս բանաստեղծության առաջին տողերը բոլորն անգիր գիտեն, բայց քչերը գիտեն այն ամբողջությամբ: Իրականում այս բանաստեղծության մեջ ավելի խորը իմաստ կա, այն մեր ամբողջ պատմությունն է իր մեջ ներառում»:

Արման Մկրտչյանը չբացառեց, որ նախագիծը կարող է շարունակական լինել:



© NEWS.am STYLE