«Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալի ելույթը վիրավորել է Շվեդիայի ներկայացուցչին

14:05   17 մայիսի, 2017

«Եվրատեսիլ 2017»-ը մայիսի 13-ին դարձավ պատմություն, սակայն այն մինչ օրս բուռն քննարկվում է լրատվամիջոցների եւ երկրպագուների կողմից:

Բանն այն է, որ հաղթելուց հետո Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը նշել է.

«Մենք ապրում ենք «միանգամյա օգտագործման» համար նախատեսված երաժշտական աշխարհում՝ fast food երաժշտություն, որը չունի բովանդակություն:  Կարծում եմ՝ սա հաղթանակ է այն մարդկանց համար, ովքեր ստեղծում են իմաստալից երաժշտություն»:

Սալվադորի օգտագործած «fast food» բնորոշումը վիրավորել է Շվեդիան ներկայացնող փոփ ժանրի երգիչ Ռոբին Բենգթսոնին, որն Instagram-ում արել է հետեւյալ գրառումը.

«Սալվադոր Սոբրալ, շնորհավորում եմ հաղթանակիդ առթիվ: Ինձ իսկապես դուր է գալիս քո երգն ու քո կատարողականությունը, բայց այն, ինչ ասացիր հաղթելուց հետո, սազական չէր իրական հաղթողին: «Fast food» երաժշտությունը, ինչպես դու անվանեցիր փոփը, կարող է լավագույն բանը լինել աշխարհում, երբ այն ներկայացված է ճիշտ վայրում եւ ճիշտ ժամանակին, այնպես, ինչպես քո գեղեցիկ երգը: Բոլորիս համար էլ այս աշխարհում տեղ կա»,-գրել է երգիչը:

Հիշեցնենք, որ Ռոբինը  «Եվրատեսիլ»-ում ներկայացել է I Can't Go On երգով՝ զբաղեցնելով  5-րդ հորիզոնականը:



© NEWS.am STYLE