Համբիկ Դանիելը՝ աշխարհահռչակ Spinnin' Records-ի մրցույթին մասնակցելու եւ Hambik A’shot նախագծի ստեղծման մասին

16:04   17 մայիսի, 2017

Համբիկ Դանիելին երաժշտասերները կհիշեն X Factor 3 նախագծից, որտեղ նա հանդես էր գալիս Գարիկ Պապոյանի DaDu խմբում: Այսօր Համբիկը Hambik A’shot նորաստեղծ  նախագծի անդամ է, որտեղ նրա գործընկերը Աշոտ Պետրոսյանն է.

«Աշոտի հետ հանդիպել ենք երաժշտական նախագծերից մեկի ժամանակ: Արդյունքում՝ ստեղծվել է Hambik A'shot նախագծի գաղափարը. մտահաղացումը երկուսինս էր», - NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով Աշոտի հետ համագործակցությանը, նշեց Համբիկը:

Տղաները վերջերս են ներկայացրել իրենց Become One of  Stars երգի տեսահոլովակը, որը զուգերգ է երգչուհի Սոնա Գյուլխասյանի հետ: Ի դեպ, երգի ստեղծման պատմությունը եւս հետաքրքիր է.

«Որոշեցինք մասնակցել աշխարհահռչակ Spinnin' Records-ի հայտարարած մրցույթներից մեկին, ինչի արդյունքում էլ ծնվեց այս երգը: Ցանկացանք համագործակցել Սոնայի հետ, քանի որ Հայաստանում այլ երգչուհու չենք ճանաչում, որը կարող էր առանց արտասանության խնդիրների երգել այս ոճում»,-ասում է Համբիկը:

Ի դեպ, X Factor նախագծում երաժիշտը հանդես էր գալիս որպես ռեփեր.

«Շատերին թվում է, թե ես միայն ռեփ եմ կարդում, բայց մեր YouTube-ի էջում այդ ամենի հակառակ ապացույցը կա»:

Տղաներն արդեն ունեն իրենց սեփական ստուդիան, որտեղ աշխատում են ոչ միայն իրենց նախագծերի շուրջ.

«Առաջիկա մտքերը գաղտնի են, բայց, բնականաբար, շատ ծրագրեր ունենք, որոնք բոլորի համար անակնկալ են լինելու»,-նշեց Համբիկը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE