Ջիմի Հենդրիքսի կիթառն աճուրդի է հանվել 500 հազար դոլարով

18:25   17 մայիսի, 2017

Ջիմի Հենդրիքսի կիթառը աճուրդի է հանվել 500 հազար դոլարով, հաղորդում է TMZ-ը։

1967 թվականին Monterey Pop Festival բեմում ելույթի ժամանակ երաժիշտն այրել էր կիթառը, բայց Հենդրիքսը եւս մեկն ուներ՝ Black Pepper Fender Stratocaster-ը, որը գտնվում է մասնավոր հավաքածուում, Մեծ Բրիտանիայում։ Այժմ այն աճուրդի է հանվել Բեւեռլի Հիլզում՝ Heritage Auctions-ում։

Նախատեսվում է կիթառի դիմաց ստանալ 750 հազար դոլար։

Ջիմի Հենդրիքսը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 27-ին, Սիեթլում: Նրան կոչել են Ջոնի Ալեն Հենդրիքս։ 1967 թվականին թողարկվել է նրա առաջին ալբոմը՝ Are You Experienced-ը, դրան հետեւել են նաեւ մյուսները (Axis: Bold as Love, Electric Ladyland), որոնք երաժշտին համաշխարհային հռչակ են բերել։

Ամբողջ աշխարհում Հենդրիքսը հայտնի է որպես էլեկտրոկիթառային երաժշտության ամենավիրտուոզ կատարողներից մեկը: Նա մահացել է 1970 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Լոնդոնի Samarkand հյուրանոցի համարում։ Համաձայն դատաբժշկական փորձաքննության՝ նա մահացել է մեծ չափաբաժնով քնաբեր հաբեր ընդունելու հետեւանքով։



© NEWS.am STYLE