«Ասում էին՝ դու լավագույն 5-յակում ես, բայց ինչ-որ բան պատահեց, եւ ամեն ինչ այլ կերպ ընթացավ». Արծվիկ

10:35   18 մայիսի, 2017

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթն արդեն անցյալում է, սակայն դրա վերաբերյալ խոսակցություններն ու քննարկումները չեն դադարում: Մրցույթում Հայաստանը ներկայացրած Արծվիկն իր Instagram-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր ելույթին, ինչպես նաեւ՝ 18-րդ տեղը զբաղեցնելու փաստին.

«Իմ սիրելիներ, ես չեմ կարող փոխանցել բոլոր այն էմոցիաները, որոնք ես ապրել եմ վերջին վեց ամսում: Չեմ թաքցնում ՝ եղել են եւ արցունքներ, եւ ժպիտներ. չէ՞ որ իմ երազանքի ճանապարհը հարթ չէ, բայց ես գնում եմ դեպի այն՝ ձեր շնորհիվ:

Երազանքներն իրականանում են: Պետք է ձգտել, շատ աշխատել, քանի որ իսկապես երջանկություն է՝ կանգնել մեծ բեմում եւ լսել, որ դու համարվում ես ֆավորիտ ու որ քո մասին խոսում են բոլորը: Ասում են, որ դու 100 տոկոսով հաջողել ես, որ դու առաջին հնգյակում ես, բայց ինչ-որ բան է պատահում, եւ ամեն ինչ գնում է ոչ այնպես: Գուցե դա ճակատագիր էր, եւ ինձանից ոչինչ կախված չէր: Ճիշտ է, ես մաքսիմումն եմ արել եւ իրապես հպարտ եմ ինձանով եւ իմ ելույթով: Ուրախ եմ, որ միլիոնավոր մարդիկ են ինձ ունկնդրել: Դա յուրաքանչյուր արտիստի երազանք է»,- գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2017»-ում հաղթեց Պորտուգալիան:



© NEWS.am STYLE