Մահացել է Քրիս Քորնելը՝ Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը

12:29   18 մայիսի, 2017

Դեթրոյտում 52 տարեկանում վախճանվել է Soundgarden խմբի ղեկավար Քրիս Քորնելը: Հանրահայտ խմբի վոկալիստը մահացել է համերգից մի քանի ժամ անց, գրում է The Sun-ը:

Երաժիշտի մահվան պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Քորնելի ներկայացուցիչները հայտարարել են, որ մահը վրա է հասել անսպասելի, եւ նա առողջական ոչ մի խնդիր չի ունեցել: Դատաբժիշկներն արդեն աշխատում են տեղում՝ հասկանալու համար մահվան պատճառը:

Քրիս Քորնելը Soundgarden ռոք-խմբի ֆրոնտմենն ու Audioslave խմբի վոկալիստն է: Soundgarden-ը՝ Nirvana-ի, Pearl Jam-ի եւ Alice in Chains-ի հետ կազմում է, այսպես կոչված, «սիեթլյան քառյակը», որոնք գրանջ ժանրի հիմնադիրներն են:
Քորնելը հինգ ալբոմ է ձայնագրել եւ համագործակցել է կիթառահար Սլեշի, Santana եւ Screaming Trees խմբերի հետ:

Նշենք, որ Քորնելը հանդիսանում է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը:



© NEWS.am STYLE