«Փող էր պետք, դուրս եկա փողոց». 20-ամյա Դավիթը փողոցում նվագելը մուրացկանություն չի համարում

20:33   18 մայիսի, 2017

20-ամյա Դավիթ Դանիելյանն ամեն օր՝ «հենց արեւ չի լինում», գալիս է Հյուսիսային պողոտա՝ նվագելու եւ գումար աշխատելու:

NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդն ասաց, որ գոհ է իր աշխատանքից.

«Ես սա մուրացկանություն չեմ համարում, այլ լուրջ աշխատանք: Փող էր պետք, դուրս եկա փողոց, եւ տեսա, որ եւ ինձ է հաճելի, եւ ժողովրդին»:

Դավիթը չի ժխտում, որ սկզբնական շրջանում կար այն կարծրատիպը, թե փողոցում նվագելը մուրացկանություն է, բայց, ըստ նրա, այժմ նման բան չկա:  Երիտասարդը չցանկացավ բացահայտել, թե որքան գումար է վաստակում, միայն ասաց, որ դա բավարարում է իրեն: Իհարկե, նա չի պատրաստվում հավերժ փողոցում նվագելով ու երգելով գումար վաստակել. մեկ տարի հետո արդեն սեփական խումբը կունենա եւ կտա առաջին ելույթները բեմում:

Հետաքրքիր է, որ Դավիթը կիթառ նվագել սովորել է ինքնուրույն, բայց հիմա պրոֆեսիոնալ դասերի է հաճախում: Բարձրագույն կրթություն չի ստացել, չի էլ պատրաստվում, եւ դա պատճառաբանում է հետեւյալ կերպ.

«Գիտեմ մարդկանց, որոնք սովորել են, կեսից թողել, զբաղվել իրենց սիրած գործով, ես էլ որոշեցի միանգամից զբաղվել իմ սիրած գործով»:

Վերջում Դավիթ Դանիելյանը NEWS.am STYLE-ի խնդրանքով կատարեց The Beatles-ի Let It Be հիթը:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE