Հայտնի հայեր. մեծ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի վերջին ֆիլմը

20:02   19 մայիսի, 2017

Սրանից 60 տարի առաջ ԱՄՆ-ում էկրաններ բարձրացավ Ռուբեն Մամուլյանի «Մետաքսե գուլպաներ» («Silk Stockings») գունավոր երաժշտական ֆիլմը: Սա կինեմատոգրաֆիայի մեծ ռեֆորմատորներից մեկի 16-րդ, առաջին լայնէկրան եւ վերջին ֆիլմն էր: 

Ֆիլմը Բրոդվեյի նույնանուն մյուզիքլի էկարանովորումն էր, որն, իր հերթին, բեմադրվել էր Էռնեստ Լյուբիչի «Նինոչկա» կոմեդիայի հիման վրա։ Գլխավոր դերում Գրետա Գարբոն էր:


««Մետաքսե գուլպաները» լավագույն մյուզիքլը չէ,- «Մամուլյանի նշանը» աշխատության մեջ գրում է կինոգետ Սվետլանա Գուլյանը:- ֆիլմի հաջողությունը որոշեցին բեմադրողի ճաշակը, փորձն ու հումորի հրաշալի զգացողությունը, ինչպես նաեւ հրաշալի դերասան-պարողներ Ֆրեդ Ասթերն ու Սիդ Չարիսը: Ֆիլմը նկարահանելով՝ Մամուլյանը, իհարկե, չէր ենթադրում, որ դա կինոյում իր վերջին աշխատանքն է: Եվ վերջին անգամ նա փայլեց արվեստի բոլոր տեսակներից հասկանալու իր ունակությամբ, իր ճաշակով ու հումորով: Ճշգրիտ ռեժիսուրան վկայում է այն մասին, որ Մամուլյանը հասել է վարպետության գագաթնակետին: Ինքը դա չնկատելով՝ Մամուլյանը գեղեցիկ կետ է դրել կինեմատոգրաֆիստի իր կյանքում»:

Ֆիլմի գլխավոր դերերից մեկը կատարել է ժամանակին հայտնի դերասան եւ պարող Ֆրեդ Ասթերը, ում անունը հաճախ է հիշատակվում իր պարընկերուհու՝ Ջինջեր Ռոջերսի հետ:

Բայց Մամուլյանի ֆիլմում նրա դերընկերուհին դերասանուհի եւ բալետի պարուհի Սիդ Չարիսն էր, ով մարմնավորում է մյուս գլխավոր հերոսուհուն՝ խորհրդային գործակալ Նինա Յուշչենկոյին:


Ի դեպ, 1952 թվականին դերասնուհու ոտքերը 5 մլն դոլարով ապահովագրված էին, ինչը տեղ է գտել Գինեսի գրքում:

Հերոսների ծանոթությունը տեղի է ունեցել հետեւյալ հանգամանքերում. ամերիկացի Սթիվ Քենֆիլդը Փարիզում ծանոթանում է հյուրախաղերի ժամանած սովետական դաշնակահար եւ կոմպոզիտոր Պյոտր Բորովի հետ: Պրոդյուսերը կոմպոզիտորին համոզում է մնալ Փարիզում եւ երաժշտություն գրել իր ֆիլմի համար: Այդ մասին իմանալով Մոսկվայում՝ արվեստի կոմիսար Վասիլի Մարկովիչը Ֆրանսիա է ուղարկում իր երեք օպերատիվ աշախատակիցներին՝ մոլորյալ կոմպոզիտորին վերադարձնելու համար: Բայց հասնելով Փարիզ եւ տեսնելով արեւմտյան կյանքի հմայքները, կոմիսարների եռյակը մոռանում է հանձնարարության մասին: Երկու ամիս անց Մարկովիչը Մոսկվա է ուղարկում ավելի հուսալի մարդու՝ կոմունիստ Նինա Յուշչենկոյին:


18 տարեկանում նա արդեն կապիտան էր կանանց տանկային կորպուսում: Նրան հաջողվում է հայրենիք վերադառնալ երեք մոլորյալների հետ, բայց նա չի կարողանում մոռանալ հմայիչ Սթիվին, ով սիրահարվել էր նրան:


Որոշ ժամանակ անց կոմիսարների եռյակին կրկին Փարիզ են ուղարկում՝ ցուցահանդեսի բացման: Այս անգամ նրանք վստահ որոշում են այլեւս չվերադառնալ հայրենիք եւ դառնալ Սթիվի գործընկերները: Եւ դարձյալ նրանց հետեւից ուղարկում են Նինային: Սթիվը Նինային ամուսնության առաջարկություն է անում: Եւ այստեղ խստաբարո կոմիսար Նինան վերածվում է հմայիչ Նինոչկայի:


Պարզամի՞տ է: Հնարավոր է... Բայց երկու ժամվա ուրախ տրամադրությունը, գրավող երաժշտական համարները լավ տպավորություն են թողնում: Իհարկե, ֆիլմում կան նաեւ որոշ անհամապատասխանություններ՝ հատկապես կումունիստական Մոսկվայի դրվագները ցուցադրելիս: Օրինակ՝ մշակույթի նախարարն ինքն է անձամբ հարցաքննում բալետի պարուհիներին:
Ընդ որում՝ ԽՍՀՄ-ում ֆիլմը համարվել է հակասովետական եւ նրա ցուցադրությունն արգելվել է: Ռուբեն Մամուլյանի անունը երկար ժամանակ չէր երեւում մամուլում եւ մասնագիտական գրականության մեջ, ինչպես նաեւ արգելված էր նրա մուտքը երկիր, միայն 1971-ին է նա կարողացել ժամանել Հայաստան:


«Մետաքսե գուլպաները» 1958-ին արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ «լավագույն երաժշտական ֆիլմ» եւ «լավագույն դերասանուհի» անվանակարգերում:


Այս ֆիլմը չպետք է լիներ 60-ամյա ռեժիսորի վերջին աշխատանքը, նա ապագայի այլ պլաններ նույնպես ուներ: Բայց ֆիլմի նկարահանման ստուդիայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով՝ «Պորգին ու Բեսը» ֆիլմի նկարահանումները տրվեցին ռեժիսոր Օտտո Փրեմինգերին: Այնուհետեւ տեխնիկական պատճառներով Մամուլյանը հրաժարվեց «Կլեոպատրա» բոլգբաստերի նկարահանումից եւ որոշեց հեռանալ կինոյից:


Սվետլանա Գուլյանն իր գրքում ներկայացում է նաեւ անգլիացի կինոքննադատ Թոմ Միլնի կարծիքը «Մետաքսե գուլպաների» վերաբերյալ. «Հնարավոր է, որ մի օր քննադատները, պատմաբաններն ու կինոգետները կհասկանան, որ սա մեծագույն մյուզիքլներից է»:


Հիշելով ֆիլմի մասին՝ չմոռանանք, որ հոկտեմբերին նշվելու է Ռուբեն Մամուլյանի 120-ամյա հոբելյանը: Վիլյամ Սարոյանի եւ Արշիլ Գորկու հետ նա մեր այն հայրենակիցների եռյակում է, ովքեր մեծ ավանդ են ունեցել ամերիկյան մշակույթում:

Պավել Ջհանգիրով

 



© NEWS.am STYLE