«Ժանգոտ», «ռիժիկ» եւ «գունավոր». կարմրահեր հայուհիների «դառը» մանկությունն ու երջանիկ ներկան (ֆոտո)

11:36   19 մայիսի, 2017

Շիկակարմիր կամ կարմրահեր մազերով մարդիկ կազմում եմ աշխարհի բնակչության միայն 2 տոկոսը։ Հայաստանում նրանք առավել հազվադեպ են հանդիպում,  բայց երբ «հանդիպում են», միանգամից ուշադրություն են գրավում, ինչպես մեր երկու հերոսուհիները։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում աղջիկները խոսում են բնությունից տրված իրենց յուրահատկության մասին։

 

Սաթենիկ Խաչատրյանը 25 տարեկան է, մասնագիտությամբ՝ լրագրող։ Ասում է՝ երբեւէ մտքով չի անցել փոխել մազերի գույնը. «Ես փոքրիկ հրաշքներ տեսնող մարդ եմ,  եւ մազերիս գույնն իմ կյանքում հրաշք եմ համարում: Չեմ թաքցնի, որ հատկապես դպրոցական տարիներին ինձ նեղացնելու համար  «չար» տղաները «ժանգոտ»  կամ «գույնզգույն» էին կանչում, բայց դա երբեք ինձ չի ընկճել եւ, ամենայն անկեղծությամբ եմ ասում, մտքովս անգամ չի անցել մազերիս գույնի պատճառով նեղսրտել»: 

Սաթենիկը նշում է, որ երբեք չի կաշկանդվել իր բնական վարսերից, այլ՝ հակառակը. «Ինձ միշտ լավ եմ զգացել, որ բնությունն ինձ նման պարգեւ է արել, բացի այդ՝ ծնողներս ինձ արքայադստեր պես են վերաբերվել, եւ փոքրուց ինքնագնահատականս շատ բարձր է եղել։ Կարմրահերները կազմում են ամբողջ աշխարհի բնակչության միայն 2%-ը, եւ դու նրանցից մեկն ես, կարծում եմ՝ սա յուրահատուկ զգալու համար քիչ չէ»:

Կարմրահեր աղջիկը նշում է, որ մազերի գույնի պատճառով հաճախ է լինում ուշադրության կենտրոնում.

«Ամեն նոր վարսավիրանոց գնալիս քննարկում են, թե ինչպես եմ ստացել այս գույնը, եւ երբ ասում եմ, որ բնական են մազերս, ապշում են: Դրսում հաճախ են մոտենում, ներողություն խնդրում ու հարցնում՝ ինչ ներկով ես ներկել։

Իմ հարազատների մեջ ոչ ոք չունի մազերի այս գույնը: Միշտ երազել եմ, որ աղջիկս իմ մազերի գույնն ունենա, եւ ինքն էլ հնարավորություն ունենա իրեն այնքան յուրահատուկ զգալու, ինչքան ես եմ զգում, բայց, ցավոք, նա իմ հույսերը չարդարացրեց))): Կարծում եմ՝ միայն նրա համար, որ մազերիս գույնը փոխանցվի, տասը աղջիկ կունենամ, թեև տղաների պարագայում էլ  դեմ չեմ )))»։

Մեր խնդրանքով Սաթենիկը մի հետաքրքրաշարժ դեպք պատմեց  իր կյանքից.  «Երբ դպրոցական էի, մետրոյում մի կին մոտեցավ մայրիկիս եւ շատ խիստ տոնով ամոթանք տվեց. «Չե՞ս ամաչում՝ էս տարիքից ներկել ես խեղճ երեխու գլուխը»»:

Մարինե Հարությունյանը 28 տարեկան է, մասնագիտությամբ՝ թարգմանիչ։ Մեզ հետ զրույցում նա խոսոտվանեց, որ մազերի գույնի պատճառով հաճախ է նեղսրտել.

«Դպրոցական տարիքում կաշկանդվում էի «ռիժիկ» մականունից, իսկ հիմա հակառակը` ժպիտով եմ արձագանքում»։

Մարինեն երբեք չի մտածել մազերի գույնը փոխելու մասին, քանի որ, իր խոսքով, սիրում է գույներ ու «գունավոր մարդկանց», բայց խոստովանում է՝ կարմրահերները չափազանց զգայուն են.

«Բայց դրա հետ մեկտեղ՝  նաեւ շատ դիմացկուն։ Մեր ուժի աղբյուրը բնությունն է»։

Ի դեպ, Մարինեն նշեց, որ մազերի երանգը տրամադրության հետ փոխվում է՝ մուգից դեպի բաց երանգի, երբ տխուր է։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE