Ջուլիա Ռոբերթսը Ջորջ եւ Ամալ Քլունիներին խորհուրդ է տվել՝ ինչպես դաստիարակել երկվորյակներին

18:35   20 մայիսի, 2017

Հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը երեկ հյուրընկալվել էր Էլեն ԴեՋեներսի շոուին։ Շոուի ընթացքում 49-ամյա դերասանուհին, ով նաեւ Քլունի զույգի ընկերուհին է, ասել է, թե ամուսիններին խորհուրդ է տվել՝ ինչպես դաստիարակել ապագա երկվորյակներին (55-ամյա Ջորջ Քլունին եւ նրա 39-ամյա կինը՝ Ամալը, շատ շուտով ծնողներ կդառնան)։


Ջուլիան եւ նրա ամուսինը՝ Դենիել Մոդերան, երեք երեխայի են դաստիարակում, որոնցից երկուսը՝ 12-ամյա Հեզելն ու Ֆինեասը, երկվորյակներ են։ Դերասանուհին խոստովանել է, որ այդ թեմայի շուրջ ինքը խորհուրդ տվել է, սակայն նախընտրել է այդ մասին չպատմել շոուի ընթացքում։


«Նրանք հիասքանչ զույգ են։ Չեմ կարծում, թե իմ կամ այլոց խորհուրդների կարիքն ունեն։ Պարզապես անհրաժեշտ է անցնել դրա միջով՝ այդպես կսովորես։ Փորձերի ու սխալների, արցունքների մեթոդը...Դա հիասքանչ է», - ասել է դերասանուհին։


Ավելի վաղ Ջորջն ասել է, թե ինչպես չի անվանակոչի երեխաներին։


«Չգիտենք՝ ինչպես կկոչենք նրանց, բայց ես հստակ գիտեմ, ինչպես ՉԵՆՔ կոչի: Ես չեմ կարող երեխաներին Կազա եւ Ամիգո կոչել (թեքիլայի արտադրությամբ զբաղվող Ջորջի ընկերության անվանումը): Ես ուզում էի նրանց հենց այդպես կոչել, բայց Ամալը վետո դրեց այդ անուններին: Այնպես որ՝ պարտվեցի: Դա միակ բանն է, որ նա ընդհանրապես ինձ արգելել է»,- կատակել է Քլունին:



© NEWS.am STYLE