Անդրեն՝ իր եւ երգչուհի Նինի Շերմադինիի սիրավեպի վերաբերյալ լուրերի մասին

16:10   20 մայիսի, 2017

X Factor նախագծի ավարտից հետո Անդրեն մեկնել է ԱՄՆ, որտեղ մի շարք աշխատանքներ է իրականացրել: Մինչ շատերը խոսում են այն մասին, թե երգիչը մշտական բնակության է մեկնել Միացյալ Նահանգներ, շտապենք տեղեկացնել, որ շուտով Անդրեն վերադառնալու է հայրենիք, որտեղ նրան սպասում են աշխատանքային նոր առաջարկներ:  Վերադարձից առաջ երգիչը պատասխաել է NEWS.am STYLE-ի հարցերին`անդրադառնալով նաեւ իր եւ վրաց երգչուհի Նինի Շերմադինիի հարաբերությունների շուրջ առկա խոսակցություններին:

«Սովորաբար, երբ մեկնում եմ ԱՄՆ, մարդիկ սկսում են մտածել, թե մշտական բնակության եմ գնում, բայց ինչպես միշտ` այս անգամ էլ ինձ Միացյալ Նահանգներ բերել է աշխատանքը: Օրեր առաջ այստեղ մասնակցեցի «Շուշի» պարային համույթի 25-ամյակին նվիրված համերգին` որպես հատուկ հյուր: Համերգը շատ ջերմ անցավ, հանդիսատեսն ինձ հետ միասին երգում էր եւ պարում: Անչափ դրական լիցքերով եմ վերադառնալու հայրենիք»,-նշեց երգիչը` տեղեկացնելով, որ այս ընթացքում հասցրել է նկարահանել նաեւ նոր տեսահոլվակ.

«Որոշեցի տեսահոլովակ ներկայացնել «Քեզ տեր եմ» երգի հիման վրա: Ռեժիսորը Կարեն Աղասյանն է, իսկ մտահաղացումն իմն է: Երեւի տեսահոլովակն իմ պաշտոնական էջերում կհայտնվի 1-2 ամիսների ընթացքում, կամ էլ հենց իմ ծննդյան օրը` հուլիսի 8-ին»:

Ի դեպ, Նյու Յորքում երգիչը հանդիպել է նաեւ վրաց երգչուհի Նինի Շերմադինիին, որի հետ տարիներ առաջ որպես դուետ ներկայացել է «10+10» հայ-վրացական նախագծի ժամանակ: Երգիչների ջերմ լուսանկարները տարատեսակ մեկնաբանությունների առիթ են դարձել: Արդյոք Անդրեի եւ Նինիի միջեւ սիրավե՞պ է ծնվել: Երգիչը հարցին ի պատասխան՝ նշեց.

«Նրան վաղուց չէի տեսել, աննկարագրելի ջերմ հանդիպում ունեցանք Նյու Յորքում: Նինին ինձ հետ երգեց համերգի ժամանակ, իսկ հետո հիշեցինք այն լավ օրերը, որոնք անցկացրել ենք Հայաստանում... Մեր անձնականի վերաբերյալ հարցերին չեմ ուզում պատասխանել: Երբ ամուսնանամ, հաստատ առաջինը ես կհայտնեմ այդ մասին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարներն՝ Անդրեի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE