Յոթօրյա ամառային դիետա

16:04   22 մայիսի, 2017

Յոթ օրվա համար նախատեսված ամառային դիետան շատ հեշտ ու մատչելի է: Այն հիմնված է շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար նույն տեսակի մթերքի օգտագործման վրա, որը կարելի է ընտրել՝ հաշվի առնելով սեփական սննդային առաջնահերթությունները:

Այսպես, երկուշաբթի խորհուրդ է տրվում օգտագործել սիրելի բանջարեղենի միայն մեկ տեսակ: Օրինակ՝ լոլիկ: Կարելի է աղցան պատրաստել կիտրոնի հյութով, բայց առանց աղի. 200 գրամ մթերքի համար՝ կես թեյի գդալ ձիթայուղով:


Երեքշաբթին կարող է մրգային օր լինել, որի ընթացում կարող եք միայն մրգի մեկ տեսակ օգտագործել, օրինակ՝ խնձոր: Կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ: Սուր քաղցի զգացողության ժամանակ կարելի է մեկ բաժակ կեֆիր կամ 100 գրամ յոգուրտ խմել:


Չորեքշաբթին հատապտուղների օր է: Նպատակահարմար է հատապտղային միքսը: Դա օրգանիզմը կհարստացնի անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով:


Հինգշաբթին պետք է նվիրել կաթնաթթվային մթերքներին՝ կաթնաշոռ եւ կեֆիր: Դիետայի միջին հատվածում այս մթերքների օգտագործումը պայմանավորված է նրանց բաղադրության մեջ սպիտակուցների, կալցիումի եւ արագ յուրացվող ճարպի պարունակությամբ, որի պահանջն օրգանիզմը զգում է: Կաթնաթթվային մթերքները նաեւ հարուստ են աղեստամոքսային տրակտի աշխատանքը կարգավորող բակտերիաներով:


Ուրբաթը նորից բանջարեղենային օր է: Ընտրեք այնպիսի բանջարեղեն, որը չեք օգտագործել երկուշաբթի: Օրինակ՝ վարունգ: Դրանից կարելի է առանց աղի աղցան պատրաստել, ամբողջական ուտել կամ կեֆիրով ակրոշկա պատրաստել: Ուրբաթ պետք է նաեւ երկու բաժակ հանքային ջուր խմել:


Շաբաթը դարձյալ հատապտղային է. կարելի է օգտագործել միքս՝ կոկտեյլի տեսքով կամ սովորական ձեւով: Կարելի է նաեւ հատապտուղներով կեֆիրային ընպելիք պատրաստել:

Կիրակին դիետայի վերջին օրն է: Օրվա ընթացքում կարելի է մրգահյութ խմել՝ առանց շաքարի: Հնարավոր է օգտագործել ցանկացած միրգ կամ տարբեր մրգեր:

Դիետայի կարեւոր բաղադրիչներից է հեղուկը: Ջուր պետք է խմել օրական ոչ պակաս, քան 2.5 լիտր: Կարելի է խմել նաեւ կանաչ թեյ՝ սննդի ընդունման միջանկյալ փուլերում:

Այս դիետան չարժե փորձել ստամոքսի խնդիրների, ենթաստամոքսային գեղձի եւ աղիների խնդիրների դեպքում, քանի որ մրգերի մեծ քանակությունը կարող է սրել իրավիճակը: Խորհուրդ չի տրվում նաեւ արյան եւ անոթների հիվանդություններով տառապողներին եւ վերջին շրջանում վիրահատություն տարած մարդկանց:

Աղբյուր՝ evehealth.ru



© NEWS.am STYLE