Հարութ Փամբուկչյանի՝ կնոջը նվիրված հուզիչ ելույթը, Սիրուշոյի հետ դուետն ու երեւանյան մենահամերգի այլ պահերը (ֆոտո, վիդեո)

22:07   20 մայիսի, 2017

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հարութ Փամբուկչյանի, կամ, ինչպես ժողովուրդն է նրան կոչում, Ձախ Հարութի մենահամերգը:

Երգիչը վերջին անգամ Երեւանում մենահամերգով ներկայացել էր 2012 թվականին:

«Շատ ուրախ եմ, որ վեց-յոթ տարի անց կրկին եկել եք լսելու Հարութ Փամբուկչյան երգչին: Սա իմ քաղաքն է, սա իմ երկիրն է, ես ծնվել եմ այստեղ, մեծացել եմ այստեղ: Ինձ համար միշտ էլ հաճելի է այստեղ ելույթ ունենալը: Համալիրն իմ տունն է...»,-համերգի սկզբում նշեց լեգենդար երաժիշտը, որը երկրպագուներին նվիրեց հին եւ սիրված երգերի կատարումներ:

Ելույթներով հանդես եկան նաեւ Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը եւ Զարուհի Բաբայանը: Երկրպագուները հատկապես բուռն ընդունեցին Սիրուշոյի հետ «Տարիներ» երգի զուգերգը:

Համերգի ամենահուզիչ պահը, թերեւս, «Ես առանց քեզ» երգի կատարումն էր, որից հետո երգիչը կարոտով հիշեց իր կնոջը, որին կորցրել է երեք տարի առաջ. «Մինչեւ մենք չենք կորցնում գեղեցիկ ու հարազատ բան, նրա գինը չենք իմանում: Ես հիմա անում եմ այն, ինչ Ռուզանը կուզեր, որ անեի, ու ապրում եմ նրանով»:

Հարութ Փամբուկչյանի երեւանյան մեծ մենահամերգի ամնահետաքրքիր ու էմոցիոնալ պահերը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Խորեն Գրիգորյանի



© NEWS.am STYLE