«Մեծանալն ինձ համար բնական երեւույթ է». Նաոմի Քեմփբելը դարձավ 47 տարեկան

17:02   22 մայիսի, 2017

Բրիտանացի հայտնի մոդել, նորաձեւության կուռք Նաոմի Քեմփբելն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Սեւ հովազը դարձավ 47 տարեկան:

Իր կարիերան Քեմփբելը սկսել է 15 տարեկանում` աստիճանաբար դառնալով աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկը եւ արժանանալով տարբեր տիտղոսների, այդ թվում` սուպերմոդելի կոչմանը:

Բացի հեղինակավոր ամսագրերի շապիկներից` Նաոմին նկարահանվել է նաեւ տարբեր երաժշտական հոլովակներում եւ ֆիլմերում: Նա որպես ժյուրի հանդես է եկել The Face շոուում, որի նպատակն է բացահայտել տաղանդավոր մոդելներին:

Սեւ հովազի մասին խոսելիս մենք հաճախ անդրադառնում ենք նրա շլացնող կերպարներին: Այս անգամ որոշել ենք ձեզ ներկայացնել Նաոմի Քեմփբելի ամենահետաքրքիր մտքերից մի քանիսը:

«Յուրաքանչյուրն էլ ունենում է բարկության պահեր: Բարկությունն էմոցիա է»:

«Ես համա՞ռ եմ: Այո՛: Ես չեմ սիրում պարտվել, եւ երբ ինձ ասում են «ոչ», ես այլ ճանապարհներ եմ փնտրում դեպի «այո»-ն»:

«Չեմ կարծում, թե գեղեցիկ եմ ծնվել: Ես պարզապես ծնվել եմ այնպիսին, ինչպիսին կամ»:

«Ես պարտավորված եմ զգում սեւամորթ մոդելների հանդեպ: Երբ նրանք ինձ մոտենում եւ ասում են, որ չեն կարողանում աշխատանք ստանալ, ես ամեն ինչ անում եմ նրանց օգնելու համար»:

«Ես շատ-շատ եմ աշխատում ու արժանի եմ իմ ստացած ցանկացած ցենտին»:

«Մարդը մարդ է դառնում, երբ ընդունում է ինքն իրեն եւ ապրում սեփական կյանքով»:

«Ցանկացած մարդ պետք է սխալվի: Միայն այդպես ենք մենք սովորում, եւ աշխարհն այդպես է կառուցված»:

«Ինձ ոչ մի թիվ չի վախեցնում: Մեծանալն ինձ համար բնական երեւույթ է»:

«Աշխարհում միայն մեկ Քեյթ Մոս կա: Նա իդեալ է»:

«Պետք է կարողանաս ընդունել քո մեղքերն ու բացահայտ խոսել դրանց մասին»:



© NEWS.am STYLE