Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը պատմել է, որ Ֆրեդի Մերքուրին ՁԻԱՀ-ի պատճառով զրկվել է ոտնաթաթից

17:28   22 մայիսի, 2017

«Եթե Ֆրեդի Մերքուրին ընդուներ ներկայիս մասնագիտացված դեղորայքն ընդդեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, նա մինչ օրս ողջ կլիներ», - Sunday Times պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը։

Ֆրեդին մահացել է թոքաբորբից՝ պայմանավորված ՁԻԱՀ-ով, 1991 թվականին։ Երգիչն ընդամենը 45 տարեկան էր։


Աշխարհի ամենահայտնի ռոք խմբերից մեկի կիթառահարը հայտարարել է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն այլեւս մահվան դատավճիռ չէ։

«Ֆրեդիի մահվանից որոշ ժամանակ անց հայտնվեցին մասնագիտացված դեղորայքի առաջին նմուշները, որոնք եւս մի քանի տարի ապրելու հնարավորություն են ընձեռում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով տառապող հիվանդներին։ Եթե նա մի փոքր երկար դիմադրեր, այժմ նա մեզ հետ կլիներ, ես վստահ եմ», - նկատել է Մեյը։


69-ամյա կիթառահարը նաեւ ասել է, որ մահացու հիվանդության դեմ պայքարում երգիչը զրկվել էր գրեթե ամբողջ ոտնաթաթից։
Այդ մասին Ֆրեդին անձամբ է Մեյին պատմել։ Կիթառահարը չի կարողացել թաքցնել աչքերի սարսափը, երբ Մերքուրին նրան ցույց է տվել իր ոտքը։ Սակայն վերջինը շտապել է ներողություն խնդրել։



«Նա ասաց ինձ՝ օհ, Բրայան, ներիր, որ վրդովեցրի քեզ՝ սա ցույց տալով»։ Բայց ես միայն կարողացա պատասխանել, որ հասկանում եմ, թե ինչպիսի ցավերի ու տառապանքների միջով է նա ստիպված լինում անցնել», - ասել է երաժիշտը։


Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE