Բալետ, համերգ, «Ավրորա» մրցանակաբաշխություն. Շառլ Ազնավուրը Հայաստան է ժամանում

12:05   23 մայիսի, 2017

Երեկ Շառլ Ազնավուրն 93 տարեկան դարձավ:

Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ Երեւանում շանսոնյեի անունը կրող հրապարակում նրա ծննդյան առիթով համերգ էր կազմակերպվել: NEWS.am STYLE-ի կարծիքով՝ համերգը հրաշալի էր, հանդիսատեսը՝ նույնպես:

Հայտնի է, որ Շառլ Ազնավուրը օրերս ժամանելու է Հայաստան։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ մայիսի 29-ին մաեստրոն Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի «Լա Բոհեմ» բալետին, որի երաժշտությունը հենց ինքն է գրել:
Իսկ հունիսի 1-ին եւ 2-ին օպերայում կկայանա «Քեզ համար, Ազնավո՛ւր» համերգը:

Հայկ Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Մհերը, Ավո Խալաթյանը, Սիրանուշ Գասպարյանը, Ալյա Սեդրակյանը, Էմմա Պետրոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Արամոն, Ֆորշը, Անդրեն, Արամեն, Սյուզի Մելքոնյանը եւ այլք կկատարեն շանսոնյեի գլուխգործոցները:

Համերգի կազմակերպիչների հաղորդմամբ՝ Ազնավուրը նույնպես ներկա կգտնվի համերգին:
Մաեստրոն նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրը կլինի. մայիսի 28-ին նախանշված արարողության ժամանակ հայտնի կդառնա այս տարվա մրցանակակրի անունը:



© NEWS.am STYLE