«Եվրատեսիլ 2017». ինչո՞ւ են կազմակերպիչները հրաժարվել Լեդի Գագայի եւ Միլա Յովովիչի մասնակցությունից

15:05   23 մայիսի, 2017

Անցած տարի Սթոքհոլմում կայացած «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթն իսկապես ցնցել էր երկրպագուներին թե հաղորդավարների ձիրքով, թե ներառված հիթերով, թե եզրափակիչում Ջասթին Թիմբերլեյքի ելույթով, որը մրցույթում հանդես եկավ որպես հատուկ հյուր եւ կատարեց Can't Stop The Feeling երգը:

Պարզվում է՝ կազմակերպիչները ցանկանում էին նման մի անակնկալ մատուցել նաեւ Կիեւում կայացած այս տարվա մրցույթի ժամանակ՝ որպես հատուկ հյուր հրավիրելով Լեդի Գագային: Այս մասին գրում է եվրատեսիլյան հայտնի Wiwibloggs կայքը՝ հղում անելով ուկրաինական Karabas Live-ին:

Կայքին տված հարցազրույցում «Եվրատեսիլ 2016»-ի հաղթող Ջամալայի մենեջեր Իգոր Տարնոպոլսկին հայտնել է, որ այս նորությունն իմացել է ապրիլին՝ անձամբ «Եվրատեսիլ 2017»-ի պրոդյուսեր Ստյուարտ Բարլոուից:

Իգորը նաեւ պատմել է, որ Գագան համաձայնվել էր անվճար երգել «Եվրատեսիլ»-ի եզրափակիչի ժամանակ, ինչպես դա նախորդ տարի արեց Ջասթին Թիմբերլեյքը: Սակայն հետագայում երգչուհին պահանջել է ռայդեր, որը կազմել է 100 հազարից մինչեւ 200 հազար ԱՄՆ դոլար, որը կազմակերպիչները հնարավորություն չեն ունեցել վճարելու: Այդպիսով՝ երգչուհու ելույթը չեղարկվել է: Արդյունքում, որպես հատուկ հյուր ներկայանալու պատիվը վստահվել է «Եվրատեսիլ 2004»-ի հաղթող Ռուսլանային:

Ի դեպ, Gazeta.ru-ն էլ, մեջբերելով հայտնի պրոդյուսեր Օլեգ Բոնդարչուկին, հայտնում է, որ հանդիսությունը վարելու պատրաստակամություն էր հայտնել Հոլիվուդում հայտնի դերասանուհի Միլա Յովովիչը: Կայքը տեղեկացնում է, որ նրա մասնակցությունն էլ չեղարկվել է նույն այն պատճառով, ինչ որ Գագայինը:



© NEWS.am STYLE