Երեւանյան էսքիզներ. Ճոճանակներ

19:31   24 մայիսի, 2017

Ճոճանակները հորինել են, որ երեխաները կարողանան մեծանալ: Յուրաքանչյուր բակում ճոճանակ կա, հետեւաբար՝ յուրաքանչյուր բակում երեխաները մեծանում են: 

Մշտապես նրանցից մեկը տարիքով ավելի մեծ է եւ լրջմիտ: Տանից դուրս է գալիս եւ վերադառնում առանց պատշգամբից հնչող մայրիկի բղավոցի: Նրանցից մեկը մշտապես գիտի՝ ինչու է դուրս եկել: Մշտապես զգաստ է: Նրանք կան բոլոր բակերում, յուրաքանչյուր բակում նրանք սերնդեսերունդ փոխվում են: Այս՝ տարիքով ավագները, ճոճանակների նման են՝ նրանց եւս հորինել են, որ մեծանալը հեշտ լինի:

Մինչեւ 2017-ի զեյթունյան բակը, ես մեծացել եմ անթիվ քանակով ճոճանակների վրա: Հանկարծ ձանձրալի դարձավ, եւ 24 տարեկան դարձա: 4-րդ մուտքից Գոռի հետ Վոնեգուտի մասին զրուցելիս ես անցա իմ 24-ամյա կյանքի բոլոր ատյաններով: Հաջորդ կես էջը դրանցից մեկի մասին է, ավելի ճիշտ՝ N քաղաքի բակերից մեկի բնակչի: Այս քաղաքում ճոճանակները քիչ էին, եւ ժամանակն այնքան արագ չէր թռչում, ինչպես այն կցանկանար: Ես այդ ժամանակ 5 տարեկան էի, բնակիչը՝ մոտ 70: Նա ապրում էր 9-հարկանիի ամենավերեւի հարկում: Փոքրիկները նրան վամպիր էին անվանում, իսկ մայրիկները, դրանից օգտվելով, նրանց ցերեկային քնի էին ուղարկում: Ճշմարտությունն այն է, որ ես երբեք փոքրիկ չեմ եղել, եւ ինձ ցերեկային քնի են ուղարկել առանց համոզելու:
Նա փողոց էր դուրս գալիս միայն երեկոյան, բայց նաեւ առավոտյան, եւ հողի վրայից հավաքում էր ծխախոտի կոթունները, ինչը մարդկանց հատուկ չէ. ես չգիտեի նրան մարդկանց որ կարգի մեջ մտցնեմ: Այս հարցը պատահաբար լուծեցին տղամարդիկ, որոնք կենսական կարեւորության նարդի էին խաղում: Նրանք բնակչին Նոյ անվանակոչեցին եւ նրան տվեցին իրենց կոթունները: Նա հնազանդ վերցրեց, շնորհակալություն հայտնեց եւ իր տուն բարձրացավ: Այդ օրից ես ավելին գիտեի, քան իմ հասկակիցները: Ես ինձ շատ մեծ էի զգում: Այ, եթե իմանայի նաեւ, թե Նոյն ինչու է այդ կոթունները հավաքում:

- Նա ցանկանում է տապան կառուցել եւ հեռանալ,- ասաց Ռիտան, որի հետ ձեւական ընկերություն էի անում:

Բոլորը գիտեին, որ 9-հարկանին շուտով քանդելու էին: Գիտեին եւ «Նոյ» էին ծխում: Երբ մենք N քաղաքից հեռանում էինք, ես Նոյին հանդիպեցի: Նա ժպտաց, եւ ես ցանկացա, որ նրան հաջողվի փրկվել:

Այդ շենքի տեղում հիմա նորն է կառուցվել, կողքին ճոճանակներ են եւ աղբամաններ, որտեղ, եթե ջանաս, կարող ես նետել ծխախոտի կոթունները: Հիմա այնտեղ ժամանակն արագ է սլանում, քան երբ ես 5 տարեկան էի: Եվ ամեն ինչի պատճառը ճոճանակներն են, նաեւ այն, որ ցերեկը քնելու չենք գնում:
Յուրաքանչյուր բակ իր Նոյն ունի, որն ամբողջ կյանքում տապան է կառուցում եւ ասում, որ կհեռանա: Տապանները վաղուց նորաձեւ չեն, իսկ գազանները շարունակում են լողալ հոսանքի ուղղությամբ:

- Ես արդեն 39 ճոճանակ եմ,- ասում է Գոռը,- հնարավոր է՝ նույնիսկ որեւէ մեկի համար մի տապանի չափ ծխել եմ:

Վեներա Ավետիսյան



© NEWS.am STYLE