«Հայերը հաճախ սիրում են բարեխոսել». «Միսս Հայաստան 2017»-ի ժյուրին մինչեւ վերջին պահը գաղտնի կմնա

13:20   25 մայիսի, 2017

Հայաստանում հինգ տարվա ընդմիջումից հետո կրկին կմեկնարկի «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը։ Այսօր՝ մայիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում «Միսս Հայաստան համայկական հիմնադրամի» նախագահ, «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր Գոհար Հարությունյանը խոսեց սեպտեմբերի 15-ին կայանալիք մրցույթի մանրամասներից:

«Մենք հիմնել ենք գեղեցկության մրցույթով զբաղվող բոլորովին նոր կառույց։ Նպատակը շատ պարզ է. Հայաստանում անցկացնել ամենամյա գեղեցկության մրցույթներ եւ մեր գեղեցկուհիներին ուղարկել՝ մասնակցելու միջազգային ամենահեղինակավոր մրցույթներին, որոնք են «Միսս Աշխարհ»-ն ու «Միսս Տիեզերքը»։ Ինձ համար մեծ պատիվ է, որ առաջին օրվանից սկսած մշակույթի նախարարությունն իր հովանու ներքո է վերցրել այս նախաձեռնությունը։ Հետագայում մեզ միացավ նաեւ սփյուռքի նախարարությունը։

Ինչ վերաբերում է մրցույթի ընթացակարգին. ցանկացողները կարող են գրանցվել www.missarmenia.org կայքում: Երեւանում բնակվող աղջիկների համար նախընտրական փուլերը կանցկացվեն Երեւանում, իսկ մարզերում բնակվողների համար՝ մարզերում։ Արտերկրում բնակվող աղջիկները կարող են առցանց անցնել նախընտրական փուլերը, որից հետո կհրավիրվեն Հայաստան»,- նշեց  Գոհարը՝ հավելելով, որ մրցույթին կարող են մասնակցել 17-26 տարեկան չամուսնացած աղջիկները:

«Մնացած համաչափությունները մենք չենք կոնկրետացնում, քանի որ կարծում ենք, որ գեղեցկությունը համաչափության, կրթության ու ներքին ինտելեկտի մեջ է»։

Գոհարը տեղեկացրեց, որ մրցույթի նախընտրական փուլերը փակ են անցկացվելու։ Ինչ վերաբերում է մարզերից եւ արտերկրից ժամանած մասնակիցներին՝ կազմակերպիչները նրանց կապահովեն հյուրանոցով եւ սնունդով։

«Մասնակիցները կարող են լինել ամենաանապահով ընտանիքներից․ մենք աշխատելու ենք, որպեսզի նրանք չծախսեն ոչ մի ավելորդ գումար։ Նրանց ամեն ինչ տրամադրվելու է, նաեւ՝ հագուստը։ Կազմակերպիչներն ամբողջ ծախսը վերցնելու են իրենց վրա»,-նշեց Գոհարը՝ ավելացնելով, որ մրցույթի ժյուրիի անդամները մրցույթից միայն մի քանի օր առաջ կիմանան, որ իրենք ներառված են ժյուրիի կազմում.

«Այդպես է որոշված, որովհետեւ հայերը հաճախ սիրում են բարեխոսել, բայց մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի արդար։ Ժյուրիի կազմի մասին դեռ շատ ինֆորմացիա չենք կարող տալ, բայց հնարավոր է, որ նրանք լինեն նորաձեւության, գեղեցկության եւ երգարվեստի ներկայացուցիչներ։ Մենք նաեւ նախատեսում ենք ունենալ մեծ մրցանակային ֆոնդ՝ դրամաշնորհ եւ նվերներ։ Արդեն ունենք գործընկերներ, որոնք հետաքրքրված են մրցույթով, օրինակ՝ Գեւորգ Շադոյանը, որն անակնկալ նվեր է պատրաստել»։

Ի դեպ, մրցույթի թագը մշակում է հենց դիզայներ Գեւորգ Շադոյանը։ Կազմակերպիչներն ամեն ինչ անում եմ, որպեսզի այն հնարավորինս հայկական մոտիվներով լինի, իսկ տիտղոսակիր գեղեցկուհին հայեցի կերպար ունենա։

Գեւորգ Շադոյանն իր խոսքում անդրադարձավ պլաստիկ միջամտությունների շնորհիվ գեղեցկացած աղջիկներին՝ նշելով․

«Պլաստիկ վիրահատությունները չեն արգելվում, եթե դրանք շատ չեն նկատվում։ Հաճախ աղջիկները մրցույթին գալիս են զարդերով եւ ճոխ հարդարմամբ, սակայն դա էական չէ խորհրդի կամ ժյուրիի անդամների համար, դա նրանց համար որպես առավելություն չի դիտվելու։ Նախընտրելի է, որ մասնակիցն ավելի բնական լինի»։

Տեղեկացնենք, որ «Միսս Հայաստան 2017»-ի մեկնարկը տրվելու է սեպեմբերի 1-ից։ Նախընտրական փուլը հաղթահարած 20-25 մասնակիցները, մինչ սեպտեմբերի 15-ին կայանալիք հանդիսությունը, մասնակցելու են տարբեր միջոցռումների եւ ծանոթնալու են Հայաստանի տեսարժան վայրերին։

 

Խոսելով ապագա «Միսս Հայաստան»-ի մասին, Գոհարը նշեց․

«Կարեւոր է, որ նա վայել լինի հայուհուն եւ պատվով ներկայացնի մեր երկիրը միջազգային տարբեր մրցույթներում»։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE