«Եվրատեսիլ 2017»-ի հաղթողը հրավեր է ստացել մասնակցելու Ջիմմի Ֆելոնի Tonight շոուին

16:04   25 մայիսի, 2017

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը հաղթելուց հետո Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը շարունակում է նվաճել ոչ միայն Եվրոպան, այլեւ ամբողջ աշխարհը։ Երգիչը հրավեր է ստացել մասնակցելու Ջիմմի Ֆելոնի հանրահայտ Tonight շոուին։ Այս մասին գրում է Wiwibloggs-ը։

Կայքը տեղեկացնում է, որ անցած շաբաթվա ընթացքում խոսակցություններ էին տարածվել, թե Ջիմմի Ֆելոնը պորտուգալացի երգչին  հրավիրել է մասնակցելու իր շոուին, ինչը շատերը որակել էին որպես բամբասանք։ Սակայն մի քանի օր առաջ «Եվրատեսիլ»-ում Պորտուգալիայի պատվիրակության ղեկավար Կառլա Բուգալոն հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ տարածված լուրերը ճիշտ են։

«Մենք իսկապես մրցույթի եզրափակիչի հաջորդ օրը հրավեր ենք ստացել Ջիմմի Ֆելոնից։ Մենք նոր էինք իջել ինքնաթիռից, երբ ստացանք այդ հրավերը»,-նշել է նա։

Այնուամենայնիվ, ըստ Wiwibloggs-ի՝ Սալվադորի թիմը դեռեւս ոչ ընդունել, ոչ էլ մերժել է հրավերը։

Տեղեկացնենք, որ Ջիմմի Ֆելոնի Tonight շոուն ԱՄՆ-ում ամենահեղինակավորներից է։ Այն ունի բարձր վարկանիշ, ինչի շնորհիվ 9 անգամ նոմինացված է եղել «Էմմի» -ի, որոնցից 2-ը հաղթել է։



© NEWS.am STYLE