Նիհարողի օրագիր. ավելի ու ավելի դժվար է

20:14   5 ապրիլի, 2013

Ողջո՛ւյն: Եթե միայն իմանայիք, թե որքան դժվար է նիհարել: Որքան եմ ուզում երեկոյան բացել սառնարանը, բուտերբրոդ պատրաստել եւ ուտել: Առաջին շաբաթը նույնիսկ այն երազում էի տեսնում: Իհարկե, սովոր լինելով միայն ոտքի վրա մի բան ուտելուն, վերջին մի քանի ամիսներին ես միայն այդ կերպ էի սնվում:

Եթե միայն իմանայիք, թե որքան դժվար է ընտանիքի համար կերակուր պատրաստել եւ չփորձել այն: Բայց ես համառորեն դիմանում եմ: Չնայած քիչ եմ նիհարում, հավանաբար այն պատճառով, որ հորմոններն ամեն դեպքում մեծ դեր են խաղում: Սակայն յուրաքանչյուր կորցրած կիլոգրամի համար երեխայի նման ուրախանում եմ:

Մեկ ամիս է անցել այն օրից, երբ առաջին անգամ ձեզ հետ կիսվեցի իմ խնդիրներով: Այս ընթացքում ինձ հաջողվեց ազատվել ընդամենը 4 կգ-ից: Բայց, հավատացեք, սա նույնպես մեծ ձեռքբերում է. չէ՞ որ նստած կենսակերպն ամենեւին չի նպաստում նիհարելուն:

Օգնում է նաեւ ձեր աջակցությունը: Ձեր բոլոր նամակները, հաղորդագրություններն ու մեկնաբանությունները թույլ չեն տալիս երեկոյան չբացել սառնարանը եւ չուտել այդքան ցանկալի բուտերբրոդը:

Գիտեմ, որ սնվելու իմ համակարգի օգնությամբ որոշ ընթերցողներ կարողացել են այս ամսվա ընթացքում 6-8 կգ նիհարել: Շնորհավորում եմ: Եվ հիշեք. որքան դանդաղ եք կորցնում քաշը, նույնքան դժվարությամբ էլ այն վերադառնում է:

Եվս մեկ բան եմ սովորել. նախաճաշել վարսակի շիլայով: Առանց աղի եւ շաքարավազի: Միայն վարսակ եւ եռացրած ջուր: Ընդ որում, ուտում եմ առավոտյան 9-ին, միայն 6-7 թեյի գդալ: Փոխարենը դրանից հետո մինչեւ 14:00-ն ուտելու ցանկություն չեմ ունենում: Հագեցվածության զգացողությունը չի լքում: Սա ինձ սովորեցրել է Էլենին, ում մասին նախորդ անգամ գրել էի: Բոլորին խորհուրդ եմ տալիս:

Այսպիսով, իմ նպատակը՝ գոնե 35 կգ նիհարել, կամաց-կամաց իրականություն է դառնում: Նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեմ չուտել մի ամբողջ տարի, կարծում եմ, ամեն ինչ կստացվի:

Անի



© NEWS.am STYLE