Արժեր վեց տարի սպասել. «Կարիբյան ծովի ծովահենները 5»

18:35   26 մայիսի, 2017

6 տարի է անցել կարիբյան ծովահենների հետ մեր վերջին հանդիպումից։ Եկեք անկեղծ լինենք. այդ հանդիպումն ամենեւին էլ լավ տպավորություն չթողեց, և շատերը հիասթափվեցին Ջեքից, վայ, կներեք, Կապիտան Ջեքից: Ստեղծագործական խումբը երկար դադար վերցրեց, որպեսզի հասկանա, թե ինչ ուղղություն պետք է վերցնի ֆիլմաշարի նավը, եւ արդյունքում... все гениальное-просто:

Այո՛, այո՛, պետք չէ երկնքից աստղեր իջեցնել… ուղղակի վերադարձեք այն, ինչի համար մարդիկ սիրեցին այս ֆիլմը, իսկ ավելի կոնկրետ՝ Գոռ Վերբինսկիի (առաջին 3 ֆիլմերի ռեժիսոր) ստեղծած աշխարհը:

5-րդ մասի ռեժիսորներ Խոակիմ Ռոննինգը և Էսպեն Սանդբերգը լիարժեք հասկացել են՝ ինչպես վարվել իրենց ձեռքում հայտնված հերոսների հետ, իսկ ահա սցենարիստները, ճիշտ է, ծավալուն աշխատանք են կատարել, որպեսզի կարողանան պահպանել նախորդ 4 մասերի սյուժետային գծերը, այնուամենայնիվ, տեղ-տեղ սայթաքել են կարեւոր մանրուքների վրա: Հատկապես աչք է ծակում Ջեքի կողմնացույցը:

Բայց հանուն արդարության ասեմ, որ սցենարիստներին պետք է ծափահարել կերպարների համար։ Ինչ-ինչ՝ թե՛ նոր, թե՛ հին կերպարները գերազանց են ինտեգրվել ֆիլմում, և ի տարբերություն չստացված՝ 4-րդ մասի, այս մասում դրանք վառ են, հիշվող, իսկ հին կերպարները չեն կորցրել իրենց խարիզման:

Հատուկ էֆեկտների մասին խոսելն ավելորդ է, դրանք ամենաբարձր մակարդակի վրա են, իսկ երաժշտությունն ուղղակի ականջ է շոյում՝ կադրերի հետ միասին ստեղծելով մեծ ներդաշնակություն:

Կարեւոր եմ համարում այն փաստը, որ ստեղծագործական խումբը որոշել է ֆիլմը չկենտրոնացնել միայն Ջեքի կերպարի վրա: Այո, նրա կերպարը, ինչպես միշտ, առաջին պլանում է, սակայն ի տարբերություն նույն 4-րդ մասի՝ այդ պլանում նաեւ այլ կերպարներ կան, որոնք ամբողջացնում են միմյանց: Երկու նորեկ դերասաններ Բրենթոն Թուեյթսը և Քայա Սքոդելարիոն շատ օրգանական են իրենց կերպարների մեջ, այսպես ասած՝ հավատում ես նրանց խաղին: Ֆիլմի վերջում այս կերպարների հետ կապված ձեր մտքով նույնիսկ կանցնի՝ որքան փոքր է այս աշխարհը: 

Խավիեր Բարդեմը ֆիլմում խաղում է Կապիտան Սալազարի դերը, եւ եթե չհամեմատենք նրա կերպարը, ասենք, Դեյվի Ջոնսի հետ, ապա կարելի է ասել, որ նրա կերպարը բավական հզոր է և ունի իր սեփական, այսպես ասած, ճիշտը, որի հետ դժվար է վիճել, սակայն, կրկնվեմ, եթե չհամեմատենք նույն Դեյվի Ջոնսի հետ:

Վերջում էլ երկու բառ Ջեքի, վա՛յ, կներեք, Կապիտան Ջեք Ճնճղուկի մասին: Ինչ ասած, իհարկե, Ջոնի Դեպը հավերժ հոյակապ է այս կերպարում, նրա խաղն անմոռանալի է, նրա ամեն մի հայտնվելը կադրում տոն է, հատկապես երբ ռեժիսորները չափավոր են այդ տոնը մատուցում հանդիսատեսին՝ հասկանալով, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE