«Անամոթները» սերիալի աստղ Էմմի Ռոսումն ամուսնացել է

12:34   29 մայիսի, 2017

Հանգստյան օրերը հագեցած էին իրադարձություններով. հայտնի դարձան Կաննի 70-րդ կինոփառատոնի հաղթողները, ամուսնացավ Միրանդա Քերը: Բայց երեկ միայն ավստրալացի մոդելը չէ, որ ամուսնացել է։ Նման երջանկության է արժանացել նաեւ «Անամոթները» հեռուստասերիալի աստղ Էմմի Ռոսումը։

30-ամյա դերասանուհին, որը մարմնավորել է Ֆիոնային, ամուսնացել է 39-ամյա սցենարիստ եւ ռեժիսոր Սեմ Էսմեյլի հետ։

People-ը գրում է, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում։ 

Հանդիսության մասին դեռ պաշտոնական տեղեկություններ չկան։ Սակայն աղբյուրները հայտնում են, որ հյուրերի շարքում եղել են Ռոբերթ Դաունի կրտսերը, Հիլարի Սուոնքը եւ Քրիսթիան Սլեյթերը։

Հիշեցնենք, որ Ռոսումն ու Էսմեյլը միասին են շուրջ չորս տարի։ Առաջին անգամ զույգը հանրությանը ներկայացել է Սեմի՝ «Գիսաստղ» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ գլխավոր դերակատարն Էմմին է։

Ի դեպ, եթե դեռ ոչինչ չեք լսել սերիալի մասին եւ չեք դիտել այն, ապա ստուգեք վարկանիշը, մի լավ զարմացեք եւ սկսեք դիտել։ Էկրանից հեռանալ չեք կարողանա։


Լուսանկարները՝ Just Jared-ի



© NEWS.am STYLE